ԿարևորՔաղաքական

Մարտի 1-ի գործը՝ փորձաքար դատական համակարգի համար

Քաղաքական և անձնական հաշվեհարդար է, որը որևէ կապ չունի Մարտի 1-ի գործի բացահայտման հետ՝ այսօր հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա և երկրորդ նախագահի շահերը պաշտպանող փաստաբանները ներկայացրել են իրենց մոտեցումները առաջադրված մեղադրանքի և սկսված դատական գործընթացի վերաբերյալ:

Փաստաբանները խոսել են իրենց մտահոգությունների, իսկ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի անդամները ՝ արդարադատության համակարգում առաջին հուսադրող քայլերի ու իրենց ակնկալիքների մասին:

Հայաստանի դատական համակարգի և երկրի համար աննխադեպ գործընթացն այսօր տրամագծորեն տարբեր գնահատականներ է ստացել:

Ռոբերտ Քոչարյանը մեղքի զգացուղություն չունի, որևէ հանցանք չի գործել, արդարացվելու և ազատ է արձակվելու: Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և կալանավորելու որոշումը «բացարձակապես ապօրինի» է որակում:

«Սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է, և սա այն է, ինչը վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում որևէ իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի»:

Երկրորդ նախագահի գրեսենյակում համոզված են, որ սկսված գործընթացը որևէ կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի բացահայտման հետ:

«Ցավում եմ, որ Մարտի 1-ի գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների և ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարությունները տրամագծորեն տարբերվում են իրենց գործողություներից»:

Քաղաքական պատվերի մասին ակնարկեցին նաև փաստաբանները: Նրանց առաջին եզրակացությունները կազմվել են կալանքի միջնորդության քննարկումից: Քոչարյանին կալանավորելու միջոնրդությունը երեկ դատարանում քննվեց 8 ժամից ավելի, որոշումը հրապարակվեց կեսգիշերին մոտ:

Պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասում է՝ այդ ընթացքը բավարար է առաջին եզրակացություններն անելու համար:

«Ոչ մի հիմնավոր կասկած չկա, առեղծվածային բաներ տեսանք, տգիտություն տեսանք, փաստերի խեղաթյուրում տեսանք: Քննչական ապարատ չկա, սպանվել է մեր քննչական ապարատը»:

Ռուբեն Սահակյանն, ի դեպ, գործը քննող դատավորին բնութագրեում է որպես «եզակիներից մեկը», իսկ երեկ Քոչարյանի ելույթը միջնորդության քննարկման ժամանակ կարծում է, որ «հուզիչ» է եղել:

Քոչարյանին պաշտպանող թիմի կարծիքով՝ ո՞վ է հաշվեհարադար տեսնում, ով է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի պատվիարտուն: Գրասենյակի ղեկավարը հարցին հարցով է պատասխանում:

«Որպեսզի արդարացվի այն, ինչ տեղի է ունցել այդ օրերին ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում են: Հիմա դուք ասեք՝ ով է հաշվեհարադար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքեր են դա արել, միթե դա հայտնի չէ, սա ակնհայտ փաստեր են»:

Մյուս պաշտպանի՝ Արամ Օրբելյանի համար էլ անհասկանալի է, թե ինչի մեջ է մեղադրվում Քոչարյանը, ասում է՝ մինչև վերջ չի հասկանում մեղադրանքի էությունը և նախկին նախագահին վերագրվող հանցակազմը:

«Գործը բավարար ուսումնասիրված չէ, քննչական մարմինների կողմից բավարար մշակված չէ: Ապացույցների մեջ մենք չենք տեսնում որևէ իրական ապացույց: Երբ մենք քննարկում ենք ապացույցները, մեզ համար պետք է պարզ լինի, որ կա արարք, արարքի որակում և առկա է դրա կապը քրեական հոդվածի հետ, սակայն, այդ կապը այս գործից հասկանալի չէ: Անհասկանալի է, թե որ գործողությունների համախումբն է որոշում արարքի և քրեական հոդվածի կապը»:

Պաշտպանը վստահեցնում է, որ Քոչարյաին պաշտպանող թիմի նպատակը Մարտի 1-ի գործը կոծկելը չէ:

10 տարի շարունակ մարտի 1-ի գործը ասոցացվել է Քոչարյանի անվան հետ: Դիտարկմանը, թե բացահայտման հանրային պահանջ կա, Սողոմոնյանը համաձայն չէ: Ասում է ՝ տոտալ հակաքոչարյանական պրոպագանդա է վարել, այս մեղադրանքն ուղղում է նաև փաստահավաք խմբի անդամներին: խումբը ստեղծվել էր արյունալի իրադարձությունների դեպքեն ուսումնասիրելու և այդ ուսումնասիրության արդյուքները ժամանկի իշխանությունների սեղանին դնելու համար: Արդյոք մեղադրանք առաջադրելու համար հիմքերը բավարար չեն ՝ հարցնում եմ փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանին:

«Երև փաստաբաններն անկեղծ չեն Քոչարյանի հետ, քոչարյանն էլ փաստաբանների հետ: Բառախաղով փորձելու են պաշպանվել, թող պաշտպանվեն»:

Հելսինկայն ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին չի զարմացնում, որ փաստաբանները, երկրորդ նախագահի շահերը պաշտպանելով, կասկածի տակ են դնում մի շարք իրողություններ: Ասում է՝ անհասկանալի կլիներ հակառակը:

«Ուրախ եմ և գոհ, որ պաշտպանները իրացնում են իրենց այն իրավունքը, որից զրկված էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք»:

Հայաստանի երկրորդ նախագահը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Back to top button