Հասարակություն

Արա Մինասյանի ազատումը Արսեն Թորոսյանը վենդետա չի համարում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այս կենտրոնի տնօրենը Արա Մինասյանն է՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հայրը, Սերժ Սարգսյանի խնամին:

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Արա Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի ուշ հիվանդանոցի բակում բողոքի ակցիա անցկացրել հիվանդանոցի աշխատակիցները:

«Սկսվածը քաղաքական վենդետա չէ»,- «Ռադիոլուրին» վստահեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրիգոր  Լուսավորիչ  բժշկական կենտրոնում երեկ սկսված բողքի ակցիան շարունակվեց նաև այսօր»:

Աշխատակիցների պահանջը «Ռադիոլուրին» փոխանցեց կենտրոնի մամուլի խոսնակ  Քրիստինե Նանյանը

«Ստորագրահավաք ենք անում, պահանջում ենք»:

Բժշկական կենտրոնի աշխատակիցները նախատեսել էին երթով շարժվել դեպի առողջապահության նախարարություն, սակայն, զրուցակցիս խոսքով, Արա Մինասյանն անձամբ է խնդրել, որ դադարեցնեն գործողությունները:

Այն, ինչ կատարվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդյո՞ք քաղաքական վենդետա չէ՝ հարցնում եմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Ռադիոլուրի» զրուցակիցը պնդում է ՝


«Իհարկե, վենդետա չէ։ Մենք վենդետաներին դեմ ենք։ Քաղաքական շահարկումներ, իհարկե, կարող են լինել, երբ օրինականությանը միտված գործողությունները կարող են ներկայացվել վրեժի շրջանակներում: Ստուգումներ եղել են ու կլինեն բոլոր խոշոր բուժհաստատություններում, դա մշտական գործընթաց է, պարզապես «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 2001թ ընդհանրապես ստուգում չի եղել առողջապահության նախարարության կողմից՝ հայտնի պատճառներով, քանի որ նրանք եղել են արտոնյալ վիճակում»:

Նախարարն ընդգծում է՝ ստանալով պետական բյուջեի ամենամեծ բաժինը որպես պետական բժշկական կենտրոն, գումարների արդյունավետությունը պարզելու համար են  ստուգումներ սկսել: Թորոսյանն ասում է՝   իր  նշանակումից հետո այլ բուժհաստատություններում նույնպես ստուգումներ եղել են ու շարունակվելու են: Դա մշտական պրոցես է, պարզապես հիմա որևէ խոչընդոտ չկա, որպեսզի վնասը վերականգնվի: Եթե նախկինում ստուգումներ էին տեղի ունենում և արդյունքները տարբեր պատճառներով զրոյացվում էին, այժմ այդպես չի լինելու.

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն ամենամեծ պետական հիվանդանոցն է: Ինչու՞  այն մինչ այժմ  չի սեփականաշնորհվել: Առողջապահության նախարարի  փորձում է  շահարկումներից հեռու մնալ:  Միաժամանակ ընդգծում է ՝ իշխանությանը մոտ կանգնած անձինք են,  վերցնում են գույքը, օգտագործում,  ստացվում է, որ բոլոր  չարաշահումների պատասխանատուն ոչ թե տնօրենն է, այլ բուժհիմնարկը.

Նկարը՝ Սպուտնիկի

«Այստեղ լավ մտածված կոմբինացիա է, լինելով պետական, պետությունից գումարներ գանձել, ծախսել հավանաբար սեփական շահին համապատասխան, իհարկե դա կպարզի քննությունը, ու հետո երբ գա պատասխանատվության պահը, պարզվի, որ ամեն ինչը եղել է պետական հիմնարկում»:

Կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը կոչ անելով դադարեցնել բողոքի ակցիաները նաև նշել էր, որ դիմելու է վարչապետին՝ ևս երկու ամիս աշխատելու հնարավորություն ստանալու համար։ Առողջապահության նախարարի արձագանքը լսենք

«Արա Մինասյանը ուղիղ 25 տարի հնարավորություն է  ունեցել աշխատելու այդ հիմնարկում, և ես արդեն նշեցի, որ նույնիսկ մեր ուսումնասիրությունների ժամանակ, երբ այնտեղ տասը հոգանոց խումբ էր աշխատում՝ պետական առողջապահական գործակալությունից, ոչինչ չի փոխվել իրենց աշխատելաոճի մեջ: Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ նա կարողանա շարունակել պաշտոնավարումը, այդ որոշումն անբեկանելի է՝ անկախ քաղաքական հանգամանքներից ու ուղղված չի իր անձի դեմ, այլ ուղղված է  այդ հիվանդանոցում օրինականությունը վերականգնելու, արդյունավետությունը բարձրացնելու կողմ»:

Մինչդեռ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի աշխատակիցները հույս ունեն, որ տնօրենը կվերադառնա իր պաշտոնին:

Արսեն Թորոսյանը բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ պատրաստ է  հանդիպել, սակայն խոսելու համար միայն ապագայից:

Ցուցադրել ավելի
Back to top button