Քաղաքական

ՀՀ վարում է բազմավեկտոր քաղաքականություն. քաղաքագետ

Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն ֆեյսբուքյան օգտատերերի  հարցերին պատասխանելով՝  անդրադարձել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Էխո Մոսկվիի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին տված հայցազրույցին:

Նա  ընդգծել  է պաշտոնական Երևանի՝ Մոսկվայից կախվածության իր կարծիքը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մինչդեռ հիշեցնում է վրաց գործընկերներին, որ աշխարհի բոլոր կարևոր խաղացողները շատ կարևորում են Հարավային Կովկասում Մոսկվայի վճռորոշ դերակատարությունը և դա բնական է:

 

Հայաստանի վարչապետը  բացասական պատասխան էր տվել  հարցին`թե  արդյո՞ք  Հայաստանը  ձգտում է  ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Նա բացատրել էր, որ Հայաստանը համագործակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ և դա  որևէ մեկի դեմ ուղղված չէ։

Այն տարածաշրջանային համագործակցության միջոց է և Հայաստանն այդ շրջանակում համագործակցում է Վրաստանի հետ՝ ասել էր՝ նաև նկատելով , որ  ցավոք, այդ առումով Հայաստանի ու Վրաստանի քաղաքականությունը տարբեր են, և երկու երկրները պետք է ինչ-որ  կերպ հավասարակշռեն այդ իրավիճակը։

Վարչապետը հայտարարել էր, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի գոյությունը մեր երկրում բխում է Հայաստանի ազգային շահերից։

Վրաց  քաղաքագետ Գելա Վասաձեն այս առումով  կարևորել է օգտատերերից մեկի կարծիքը, ով ասում է, թե Հայաստանը մնում է ոչ թշնամի, բայց և ոչ բարեկամ երկիր Վրաստանին : Նա նաև գրել է, որ  Գյումրիում կանգնած են Վրաստանի համար թշնամական երկրի զինվորները  և Հայաստանը թշնամական այդ դաշինքի անդամ է: Վասաձեն էլ ավելացրել է.

«Իրականում ես կարծում եմ, որ եթե  շատ ուշադիր նայենք Փաշինյանի աչքերին ու հոգուն, ապա, ցավոք, Հայաստանը չունի արևմտյան ուղղություն և ամբողջությամբ կախված է Ռուսաստանից»:

Այս առումով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նախ նկատեց, որ Վրաստանն ու Ադրբեջանն էլ նախկինում ՀԱՊԿ անդամ էին և Հայաստանն ամենևին մեղավոր չէ, որ Վրաստանը փոխեց ուղղությունն ու թշնամացավ Ռուսաստանի հետ: Դա չի նշանակում, թե Երևանն էլ պետք է թշնամանա Մոսկվայի հետ՝ ասում է:

«ՀՀ այս պահին վարում է բազմավեկտոր քաղաքականություն, քանի որ ունենք բակ սահմաններ, ունենք ղարաբաղյան խնդիր: Մեր քաղաքականությունը չի կարող լինել միակողմանի»:

Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ պետք է բացատրել այս իրավիճակը վրաց քաղաքագետներին: Դա, ըստ նրա, պայմանավորված է թավշյա հեղափոխությունից հետո Վրաստանում և Ուկրաինայում տիրող սպասողական վիճակով։ Նրանք կտրուկ շրջադարձեր էին ակնկալում, ինչը Հայաստանի դեպքում ճիշտ չէ:

Ղարաբաղյան խնդրում Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի ունեցած լծակները կիրառելու և լարվածություն թույլ չտալու  պարզաբանումն  է նաև Վասաձեի ուշադրության առանցքում եղել, ինչին նա արձագանքել է

«Այստեղ Փշինյանը լիովին ճիշտ է, երբ ասում է, որ առանց Ռուսաստանի հետ համաձայնության հնարավոր չէ պատկերացնել հակամարտության լարվածություն»:

Ստեփան Գրիգորյանը լիովին համամիտ է նրա ձևակերպման հետ,  որ Ռուսաստանի հետ այսօր հաշվի են նստում բոլոր խոշոր խաղացողները:

«Նաև ամերիկացիներն ու եվրոպացիներն են ասում, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում որոշիչ դեր ունի»:

Այսօր կարևոր խնդիրը Հայաստանի համար օրինականություն հաստատելն է երկրի ներսում՝ հստակեցնում է  քաղաքագետը:

Back to top button