ԿարևորՔաղաքական

Մարտի 1. Կոալիցիոն գործընկերները պատասխանատու չեն


10-15 տարի. սա ազատազրկման այն ժամկետն է, որը նախատեսված է ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի 1-ին մասի՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար:

Քրեական օրենսգրքի հենց այս հոդվածով է մեղադրանք առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սա գործի իրավական կողմն է: Ակնհայտ է, որ հարցն ունի նաեւ քաղաքական կողմ:

Ի՞նչ կեցված են որդեգրել կուսակցությունները եւ քաղաքական գործիչները, «Ռադիոլուր»-ը փորձել է պարզել նրանց գնահատականները:

Զարմանք եւ սպասողական իրավիճակ. Հայաստանի ներքաղաքական դաշտում առայժմ զգուշավոր են մարտի 1-ի քննության նոր շրջադարձի գնահատականների հարցում: Քաղաքական գործիչների մի մասը խուսափում է հարցազրույցներից՝ հույսը դնելով կուսակցական հայտարարությունների վրա, մյուս մասը գերադասում է արտահայտվել սոցիալական ցանցերում: Հրապարակավ կարծիք արտահայտողները շտապում են հստակեցնել՝ շուտ է քաղաքական գնահատականներ տալու համար:

Այս հարցում, ի դեպ, հետաքրքիր է մարտի 1-ի գործով Աժ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանի կեցվածքը: Այս տարեսկզբին նա արեց աղմկահարույց հայտարարություն՝ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահների հարցաքննության անհրաժեշտության մասին: Անգամ հարցեր ուներ, որ կցանկանար պարզել Քոչարյանից:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում Նիկոյանն այսօր անդրադարձավ Հանրապետության երկրորդ նախագահի կալանավորման միջնորդությանը:

Հանրապետականները խորը մտահոգություն ունեն Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի եւ կալանավորման միջնորդության առիթով: Կարծիքը տարածել են նաեւ հայտարարությամբ: Կուսակցության առանցքային գործիչներից Դավիթ Հարությունյանն ասում է, որ բազմաթիվ հիմքեր կարող է ներկայացնել: Դրանցից մեկը հետեւյալն է.

Մի շարք կուսակցություններ արդեն շտապել են հանդես գալ հայտարարությամբ: «Ժառանգությունում» կարծում են, որ մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է:

«Քոչարյանը ստում է, ստում է ու ստում»,- երկրորդ նախագահի հարցազրույցից այսպիսի տպավորություն է ստացել առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Այստեղ ուշադրություն են դարձրել, որ Քոչարյանն իր խոսքում փորձել է իր եւ մեղադրանքի արանքում մտցնել բոլոր հնարավոր նախկին գործընկերներին։

Ոչ մի մեկնաբանություն, միայն կուսակցական հայտարարություն՝ այս տարբերակն այսօր ընտրեց 2008-ի մարտի 1-ից հետո կոալիցիոն կառավարության մեջ մտած Դաշնակցությունը: Կուսակցությունում ողջունել են օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, բայց խիստ կարեւոր են համարել, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Ի դեպ, մարտի 1-ից հետո Հանրապետականի եւ Դաշնակցության հետ միասին կոալիցիում հայտնվել էին նաեւ Օրինաց Երկիրն ու Բարգավաճ Հայաստանը:

Վերջին ուժն այսօր «Ծառուկյան» դաշինքի տեսքով կրկին անցումային կառավարությունում է եւ կարեւորում է մարտի 1-ի բոլոր մեղավորներին պատժելը: Սերգեյ Բագրատյանը համոզված է՝ կոալիցիոն ուժերը՝ հատկապես ԲՀԿ-ն, մարտի 1-ի դեպքերում  մեղքի բաժին չունի:

Բագրատյանը փաստերի բացակայությունն է հակադարձում շրջանառվող այն լուրերին, թե Ծառուկյանի թիկնազորը նույնպես մասնակից է եղել մարտիմեկյան իրադարձություններին: Նույն փաստերի բացակայությունն է պատգամավորին թույլ տալիս հերքել այդ քաղաքական ուժի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ կապի մասին խոսակցությունները:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բացառում է, որ հետագայում «Ծառուկյան» դաշինքը  Քոչարյանի հետ ներքաղաքական համագործակցության հարցեր դիտարկի եւ կուսակցությունն աջակցի երկրորդ նախագահին՝ քաղաքականություն վերադառնալու համար: Այս առումով պատգամավորը թերեւս օգտվեց նույն Քոչարյանի օրինակով՝ տվեց անուններ եւ սլաքներն ուղղեց դեպի Դաշնակցություն եւ Հանրապետական կուսակցությունները՝ ասելով, որ այդ ուժերի հետեւում եւս տեսնում էին Քոչարյանին:

Ցուցադրել ավելի
Back to top button