Տնտեսական

Ինչպես են փոշիացվում պետական միջոցները

Կառավարության որոշումներով  մի քանի համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Բացի այդ, կառավարությունը յոթ մարզի տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար գումարներ է տրամադրել։

Այս նախագծի քննարկման ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտրողներին կոչ է արել  ընտրությունների ժամանակ առաջնորդվել կառավարման արդյունավետության շահերով:

«Ընտրակաշառքները հետ են բերվում և շատ հաճախ այնպես, որ համայնքի ժողովուրդը դա չի նկատում»,- հայտարարել է վարչապետն ու նշել, որ բացառված  է՝ որևէ տեղ ընտրակաշառք բաժանեն եւ հետո այդ գումարը համայնքից ու ժողովրդից հետ չվերցնեն։

 

Մարզերի զարգացման ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներ՝ ընդհանուր առմամբ շուրջ 10 մլրդ դրամի չափով: Նախանշված գումարից այս պահին կառավարությունն  ի վիճակ է  տրամադրել մոտ 278 մլն  դրամ: Մարզերը յոթն են՝ Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Տավուշ, Արմավիր և Վայոց ձոր:

Համայնքներում տնտեսական ենթակառուցվածքների զարգացման դեպքում ծրագրի արժեքի մինչև 60 տոկոսը համաֆինանսավորում է պետբյուջեից, իսկ սոցիալական ենթակառուցվածքների՝ մանկապարտեզի, մշակութային տների կառուցման, վերանորոգման գործընթացի  պարագայում` պետության կողմից համաֆինանսավորվում է ծրագրի արժեքի մինչև 40 տոկոսը։

Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում համայնքները ներկայացրել են 185 ծրագրային հայտեր, միջգերատեսչական հանձնաժողովի  երեք նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի հավանության է արժանացել 84-ը:

Պետության հնարավորությունները սահմանափակ են, հաճախ  ենք լսում, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքով՝

«Երբ ուսումնասիրում ենք, թե այդ սահմանափակ գումարները ինչպես են օգտագործվում, տեսնում ենք, որ իրականում այդքան էլ սահմանափակ չեն: Օգտագործվում են հնարավորությունների 30,40,50 տոկոսի չափով»:

Կառավարության ղեկավարի տպավորությամբ, եթե այսօր էլ գումարները արդյունավետ  ծախսվեն, իրավիճակը բոլորովին այլ կլինի՝ բոլոր ոլորտներում: Բոլոր ուղղություններով պետական միջոցները փոշիացվում են՝ արձանագրում է վարչապետը:

Համայնքները համաֆինանսավորման գումար չունեն՝ կառավարության ղեկավարն է արձանագրում ու պարզաբանում, թե ինչու.

«Ինչո՞ւ պետք է համայնքը գումար ունենա, եթե, ասենք, դպրոցում 20 հոգի իր բարեկամներին նշանակել է, տարիներով աշխատավարձ է տալիս ու այդ մարդիկ ոչ գործի են գալիս, ոչ էլ: Որտեղի՞ ց պետք է  գումար ունենա»:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիտարկմամբ, համայնքները չունեն նորմալ ծրագրեր ներկայացնելու բավարար կարողություններ:

Ինչպես համայնքներին տրամադրվող  գումարների, այնպես էլ դրանց արդյունավետ ծախսման համար  հատկապես մեծ անելիք ունի պետական վերահսկողական ծառայությունը:

Back to top button