Հասարակություն

Քրեական գործ՝ Ազգային արխիվում չարաշահումների փաստով

Երկուշաբթի օրը Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «ՀՀ ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Նախնական տվյալներով՝ «ՀՀ ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ըստ որի՝ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքները կամ արխիվային փաստաթղթերի պատճենները, սահմանել են գնացուցակ և դրանք տրամադրել վճարովի հիմունքներով՝ հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս», — ասված է Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով, որը հուլիսի 23-ին ստացվել է ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում և վարույթ ընդունվել հատկապես կարևոր գործերով քննիչի կողմից:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ազգային արխիվում կատարված առերևույթ չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Back to top button