ԿարևորՔաղաքական

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն. առաջարկը ԵԱՀԿ ՄԽ-ինն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է պաշտպանության նախարարի այն հայտարարությունը, որ իրավիճակը սրվելու դեպքում  հայկական կողմը կօգտագործի զինանոցում առկա բոլոր միջոցները:

Հայտարարությունը կառավարության ղեկավարն արել է պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման արարողությունից հետո։

Վարչապետը խոսել է նաև ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններին իր մասնակցության մասին և որոշ հստակեցումներ արել։

ԱԳՆ մամուլի խոսնակն էլ «Ռադիոլուրին» տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկել են Մնացականյան-Մամեդյարով նոր հանդիպում կազմակերպել:

 

 

«Հայկական կողմի գործողությունները կլինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող». վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել  ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից բխող ՀՀ ՊՆ կոշտ հայտարարություններին:

Դավիթ Տոնոյանը զգուշացրել էր, որ 2016 ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը:

«Կարծում եմ, որ ՊՆ ճիշտ է արել, որ նման հայտարարություն է արել»:

Ղարաբաղյան խնդրով ընթացող բանակցություններին Արցախի մասնակցության կարևորության մասին արված իր նախկին հայտարարությունները ևս մեկ անգամ բացատրելով Նիկոլ Փաշինյանը հստակեցնում է.

«Ես կարող եմ բանակցել ՀՀ անունից, ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, դրա համար նրանք ունեն համապատասխան պաշտոնյաներ ու կառույցներ»:

Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերելը՝  միջնորդներն առաջարկել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ևս մեկ հանդիպում կազմակերպել «Ռադիոլուրին» տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը.

«Համանախագահների կողմից առաջարկ է եղել նոր հանդիպում կազմակերպելու, դրա ժամկետների վերաբերյալ վերջնական պայմանվորվածության և վայրի վերաբերյալ պայմանավորվածության պարագայում, մենք ինչպես նախկինում՝ նախապես կհայտնենք»:

Փաշինյանն այսօր  ևս մեկ անգամ բացատրել է, որ  Հայաստանը հակված է խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն որևէ դիրքորոշում կարծրացած չէ և մեր գործողությունները պետք է լինեն համարժեք՝ օպերատիվ իրավիճակից բխող:

«Այո, բանակցությունները հնարավոր են, բայց իր հռետորաբանությամբ: Եթե նպաստի խաղաղությանը, մենք կլինենք համարժեք»:

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը երեկ հայտարարել էր, որ առաջնագծում վիճակը հանգիստ է, բայց լարվածության միտումներով: Անդրադառնալով այս ու նաև իր կոշտ հայտարարությանը՝ Դավիթ Տոնոյանը պարզաբանել է.

«Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է։ Հայկական կողմը համապատասխան միջոցներ է ձեռնարկում՝ չեզոքացնելու վտանգը: Մինչև դիրքային տարածությունը կրճատելու աշխատանք են տարել»:

Այս բացատրությունները հնչել են ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ուր Նիկոլ Փաշինյանը քաջալերել է հայ աղջիկներին մտածել ռազմաուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու մասին, ինչը, նրա խոսքով, կբարձրացնի ծառայության որակը:

Back to top button