Տնտեսական

Ինչ է նշանակում տնտեսական աճի կառուցվածքի փոփոխություն

«Ընդերքը քանդել, արտահանել ենք արտերկիր ու  ասում ենք, որ տնտեսական աճ ունենք». օրերս, անդրադառնալով նախորդ կառավարության գրանցած 7,7 տոկոս տնտեսական աճին, այսպես էր արձանագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփեց այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքները: Կառավարության ղեկավարը տնտեսական  աճի կառուցվածքի փոփոխություն է ակնկալում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  վերլուծում է ԱՎԾ տվյալները:

Ունենալ ներառական տնտեսական աճ. սրա մասին խոսում էին նախկին ու ներկա կառավարությունները: Ավելի պարզ՝ այնպես անել, որ տնտեսական աճն իրենց վրա անմիջականորեն զգան շարքային քաղաքացիները: Նախորդ կառավարության արձանագրած 7,7 տոկոս աճը հույս չներշնչեց անգամ կառավարության ղեկավարի մոտ:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  կազմել է 9.6 տոկոս:  Հիմնական աճն ապահովել են ծառայությունների (21.2 տոկոս), գյուղատնտեսության  (14 տոկոս), շինարարության  (4.2 տոկոս), առևտրի  ( 3.3 տոկոս) ոլորտները:

Արդյունաբերության ոլորտում աճը մոտ 5,5 տոկոս է կազմել: Չնայած գործադրվող ջանքերին, ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է  արտահանմանը: Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ երկարաժամկետ հատվածում հնարավոր է խոսել  ներմուծման և արտահանման ծավալների հավասարեցման մասին։ Մոտ ապագայում սա քիչ հավանական է։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքը պետք է փոխվի՝ կարծում է Նիկոլ Փաշինյանը:

Ներառական տնտեսական աճ արձանագրելու համար պետք է քրտնաջան աշխատել՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նախ ինստիտուտների գործունեությունը պետք է արդյունավետ դարձնել, հետո նաև՝ բարձրացնել վերահսկողությունը:

Ինքը՝ Մանուկյանը, պատասխանատու հանքարդյունաբերության, խաղի հավասար կանոնների ապահովման կողմնակից է:

Ցուցադրել ավելի
Back to top button