ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի ագրեսիայի դեպքում Հայաստանը որոշիչ հակահարված կտա. Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի համար հատուկ անհանգստություն է առաջացնում ադրբեջանական զինուժի ակտիվացումը Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան ուղղությամբ, որտեղ մինչ այժմ հարաբերական հանգստություն էր: «Այդ հատվածում ռազմական պրովոկացիայի ցանկացած արտահայտում հղի է մեծ ճգնաժամի բորբոքմամբ, որը կառնչվի նաև տարածաշրջանային այլ խաղացողների», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Տոնոյանը EADaily-ին տված հարցազրույցում:

Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի կարգավիճակում չէ․ — «Հայաստանի կառուցողական դիրքորոշմամբ հանդերձ, չեմ ցանկանում, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, թե Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է: Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այսքան վստահ չլինել նրանում, որ նա է վերահսկում ռազմական իրավիճակի սրման հարցը: Այսինքն՝ չի լինի այնպես, որ միջնորդներին հաջողվի համոզել հայկական կողմին դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները ադրբեջանական կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերսկսման պարագայում՝ Բաքվի կողմից նույնիսկ սահմանափակ մասշտաբով ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում: 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնության դեպքում հայկական կողմը կարող է և զերծ չմնալ իր զինանոցում առկա բոլոր զինատեսակների կիրառման «գայթակղությունից»՝ հակառակորդին տալով մասշտաբային և որոշիչ հակահարված»:

Անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ռազմական տեխնիկայի և մարդկային ուժի կուտակման մասին հարցադրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգին՝ Տոնոյանը նկատել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը միշտ մեծ է բանակցությունների ընթացում Բաքվի առավելապաշտական պահանջների պայմաններում:

«Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ: Ադրբեջանի պահվածը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման սպառնալիք, մինչդեռ հենց ուժի կիրառման բացառումն է դրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի հիմքում, ինչպես ցանկացած այլ կոնֆլիկտի», — ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button