Հասարակություն

Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորները նոր տրանսպորտային միջոցներով կերթևեկեն

Մերձավան և Էջմիածին համայնքների ուղևորներն այսուհետ կերթևեկեն նոր տրանսպորտային միջոցներով, երթուղիներն առաջիկայում նոր տրանսպորտային միջոցներ կսպասարկեն։

205 երթուղու հետ կապված խնդիրներին «Ռադիոլուրը» բազմաթիվ անգամ անդրադարձել է, օրերս տրանսպորտի, կապի ու ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանի նախաձեռնությամբ տարբեր մարզերի երթուղիներ սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներն ու ակտիվ քաղաքացիները հանդիպել էին նախարարությունում:

Քննարկումների ու բարձրացված հարցադրումների արդյունքում խնդիրները լուծվել են։

«Խնդրահարույց ու երկար տարիներ չլուծվող թիվ 205 երթուղին, որը սպասարկում է Արմավիրի մարզի Նորակերտ-Մերձավան-Երևան համայնքներիի բնակիչներին, փաստացի լուծում ստացավ:

Կունենանք նոր սպասարկող, նոր մեքենաների պարկ ու նոր չվացուցակ, որպեսզի չունենանք խնդիրներ ու հերթեր: Մյուս երթուղիների մասով, Արարատի մարզի հետ կապված, առաջիկայում կտեղեկացնեմ, թե ինչ լուծումներ ենք տեսնում: Այստեղ մենք ունենք երկու փոխադրող, մեկի հետ կապված կարծեք թե խնդիրներ կան: Պատշաճ չի կատարում իր պարտավորությունները, մենք հանդիպում ենք նախատեսում, որպեսզի փորձենք հասկանալ և կարգավորել հարցը:

Արմավիրի մասով էլ խնդիրներ կան, դրանք կապված են Արարատի մարզը սպասարկող կազմակերպության հետ»,- «Ռադիոլուրին այսօր ասել է տրանսպորտի, կապի ու ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։


Անդրադառնալով միջհամանքային կանգառների խնդրին՝ փոխնախարարը հստակեցրեց՝ ինձ թվում է դա համատեղ միջոցառում պետք է լինի: Միասնական երթուղային ցանցի ներդրման հետ կապված բազմաթիվ փոփոխություններ են լինելու, այդ թվում՝ նաև կանգառների հետ կախված:

«Որպեսզի չանենք նոր ներդրումներ, նոր ծրագիր, որովհետև դրանք պետք է փոխվեն, եթե ես չեմ սխալվում, մենք Արարատի մարզի փոխադրողների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ որոշեցինք, որ քաղաքացիները մեզ կօգնեն՝ փոխադրողներին կասեն, թե որոնք են կանգառների նպատակահարմար վայրերը, որպեսզի վարորդները անընդհատ չկանգնեն:


Քաղաքացիները խոստացան, որ մեզ այդ հարցում կօգնեն: Դրա համար առայժմ նման հանձնարարական չկա: Բայց դա նախատեսվում է, և ես կասեմ, որ անհրաժեշտ է: Մենք այս հանդիպումներից խորքային ու ամբողջական լուծում չենք ակնկալում: Նման խնդիր չենք դրել: Նորից վերադառնալու եմ ու հղում եմ անելու միասնական երթուղային ցանցին, քանի որ ամբողջական պետք է փոխվի»,- ասել է փոխնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button