ԿարևորՀասարակություն

Ծաղկո՞ւմ, թե՞ մամռակալում է Սեւանը. կարծիքները տարբեր են

Հայաստանում բնապահպանական մշակույթը շատ ցածր է և Սևանա լճի մամռակալումն  ահազանգ է բոլորիս համար՝ այսօր նշել է  բնապահպան Կարինե Դանիելյանը: Լիճը ճահճացման վտանգի առջև է կանգնած՝ ասում է: <<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ներկայումս որևէ վտանգ չի տեսնում: Բնական գործընթացներ են: Տաք կլիմայական պայմաններում կանխատեսելի երևույթ է: Չի բացառվում, որ  կարող է ծաղկումը կրկնվել ,<<Ռադիոլուրին>> ասել է ՊՈԱԿ-ի տնօրենը:

 

Սևանա լճի մամռակալումն ահազանգ է և այն միայն էկոլոգիական խնդիր չէ: Կարծիքը բնապահպան Կարինե Դանիելյանինն է: Իրավիճակի շարունակության դեպքում  վտանգվում է նաև  ջրի որակը: Այն չի օգտագործվի ոռոգման կամ այլ նպատակների համար: «Դա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Ես չեմ տեսել լիճն  այդ աստիճան կանաչած, այդ աստիճան մամուռներով  ծածկված: Եվ դա խոսում է նրա մասին, որ լիճը բարվոք վիճակում չի: Ճահճացման գործընթաց է տեղի ունենում»:

Լճում մամռակալման դեպքեր  պարբերաբար եղել են  1964 թ-ից, սակայն ոչ այս աստիճան՝ նշեց բնապահպանը: Ջրի կանաչումը խոսում է  լճի ոչ բարվոք վիճակի  մասին: 2012 թվականին կառավարությանն առաջարկել են  չիրականացնել հավելյալ բացթողումներ, քանի որ այն վտանգում է լիճը , գործընթացը կհանգեցնի ճահճացման: Սակայն արվել է այնպես, ինչպես նախատեսվել է: Նույնիսկ ուսումնասիրություն կար, թե ինչպես է լիճն արձագանքում  ջրի մակարդակի բարձրացմանն ու  իջեցմանը:

«Հենց  սկսում ես  մակարդակը բարձրացնել,  լճի  ջրի որակը մոտ մեկ տարի տարբերությամբ սկսում է արձագանքել  դեպի լավը:  Հենց որ խփում ես իջացնում ես, ոնց որ  միանգամից հարվածես  լճի գլխին: Միանգամից արձագանքում է վատը»,- ասում է Դանիելյանը:

Բնապահպանի դիտարկմամբ՝ Սևանը նման իրավիճակից ապահովագրված կլիներ, եթե լինեին մաքրման կայաններ,  նախապատրաստվեին  ափերը , մաքրվեին գետերը: Արդյունքում՝  լիճ թափվող  ջրերը օգուտի փոխարեն չէին վնասի: Սրան գումարած էլ  լճին վտանգում է ջրի մակարդակի պարբերաբար իջեցումը:

ԳԱԱ հիդրոէկոոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն ուսումնասիրություններ է կատարում լճում  և  տեղեկացրել են, որ  ջրիմուռները մահանում են, իսկ  ձկնաշախարհին վտանգ չի սպառնում: Կանխատեսում են, որ մոտ 10 օրից բարենպաստ իրավիճակ կլինի, փոխանցեց Կարինե Դանիելյանը: «Հիմնականում ձկները կարողացել են խույս տալ այդ տարածքներից, որտեղ ջրիմուռները շատ են աճում և տեղափոխվել են ու այդպիսի վտանգի չեն ենթարկվել»:

<<Սևան ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը հանգստացնում է. մամռակալումը որևէ վտանգ լճին չի սպառնում: Երևույթը ջրի ջերմաստիճանի բարձրացման արդյունք է: Ձմռան ընթացքում Սևանում ցածր ջերմաստիճան չի գրանցվել, դրան գումարվել է  նաև ամռան աննախադեպ տաքացումը:  Երևույթը կանխատեսելի էր՝ ասում ՊՈԱԿ-ի տնօրենը: «Բնական գործընթացներ են: Արտառոց բան չկան 2006 թվականին էլ է եղել»:

Ճահճացումն ու ծաղկումը տարբեր գործընթացներ են՝ հավելեց Վահե Գուլանյանը: Նա վստահեցրեց, որ ներկայումս  Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնվելու տեղեկություն չկա: Տարբեր շահագրգիռ կազմակերպություններ բացասաբար են վերաբերում հավելյալ բացթողումներին եւ հուսով են, որ այս տարի հավելյալ բացթողումներ չեն լինի:

Ցուցադրել ավելի
Back to top button