Մշակույթ

Այսօր Մինաս Ավետիսյանի ծննդյան 90 ամյակն է

Այսօր հայ նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն է:

Այսօր Մինասը կդառնար 88 տարեկան. ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին, Ջաջուռում։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։

Մինաս_Ավետիսյան

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար: Մինասը որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում,Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի:

Ունի մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Մ. Ավետիսյանը բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում:

Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։

1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության՝ փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։

Ցուցադրել ավելի
Back to top button