ԿարևորՔաղաքական

Վրաստանը սպասում է ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը

Վրաստանում սպասում են, որ օգոստոսի 1-15-ը անցկացվող «Արժանի գործընկեր 2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին Հայաստանն արդեն երկրորդ անգամ կմասնակցի։

Վրաստանի ՊՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններին մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 13 երկրներ՝ այդ թվում Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը։

Թբիլիսիի մոտակայքում գտնվող Վազիանի ռազմաբազայում արդեն չորրորդ անգամ անցկացվող «Արժանի գործընկեր» (Noble Partner) զորավարժություններին հնարավոր է, որ այս տարի ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների կողքին արդեն երկրորդ անգամ ծածանվի նաև Հայաստանի դրոշը։
Հայաստանը, սակայն, դեռևս պաշտոնապես չի հաստատում՝ կմասնակցի արդյոք զորավարժություններին, թե ոչ։ ՊՆ-ի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է. «Հայաստանի ԶՈւ-երն այս պահին մասնակցում են զորվարժության պլանային փուլին։ Ավել ոչինչ չեմ կարող ասել»։

Թբիլիսիում լույս տեսնող «Արսենալի» ռազմական, վերլուծական անկախ հանդեսի գլխավոր խմբագիր Իրակլի Ալադաշվիլին հուսով է, որ նախորդ տարիների նման Հայաստանը կամ Ադրբեջանը վերջին պահին չեն հրաժարվի մասնակցությունից։

«Ցավոք սրտի դա շատ հնարավոր է։ Բայց Վրաստանն ուզում է երկու հարևան երկրներին էլ տեսնել միջազգային այս զորավարժություններին»,-նկատում է փորձագետը։

Այս տարեսկզբին Վրաստանի ՊՆ նախարար Լևան Իզորիան Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ հայ զինվորականները կմասնակցեն բազմազգ զորավարժություններին։

Նախարար Իզորիան Ռադիոլուրին «Արժանի գործընկեր» զորավարժությանը Հայաստանի մասնակցության մասին ասել էր․ «Բնականաբար Հայաստանի մասնակցությունն այս վարժանքներին դրական նշան է, քանի որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Մեր երկու երկրների հետաքրքրությունների շրջանակում է՝ նպաստել բարիդրացիական հարաբերությունների ու տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը»։

Ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին կարևորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովին մասնակցությունը, նշում է, որ Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են զարգացնել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները։

«Դա լավ է ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ հարվկովկասյան տարածաշրջանի համար։ Եթե մենք ուզում ենք անկախ երկրներ լինել, պետք է ինքնուրույն որոշենք, թե որ ուղղությունն է բխում մեր երկրների շահերից։ Երկրի համար ամենակարևորը անվտանգությունն է»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է վրացական ռազմական հանդեսի խմբագիրը։

Պաշտոնական Մոսկվան նախկին զորավարժությունները քննադատել է՝ դրանք որակելով Հարավային Կովկասում իրադրության ապակայունացմանն ուղղված սադրանք: Ի պատասխան վրացական կողմը ասում է․ «Մեր նպատակն է լինել ավելի պաշտպանված։ Զորավարժությունները ծառայում են ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի երկրների խաղաղության ու  կայունության հաստատմանը, դրանք ուղղված չեն որևէ երկրի դեմ»։

«Ուժը գործընկերության մեջ է», սա է ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» բազմազգ զորավարժությունների հիմնական ուղերձը, որը նպատակ ունի  ամրապնդել ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համագործակցությունը, ուժեղացնել մասնակիցների  պաշտպանունակությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button