Զոհրապ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության քաղաքական դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոսմարի Դիկարլոյի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է տարբեր բնագավառներում ՄԱԿ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակությունը՝ ընդգծելով Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը համատեղ քայլերով էլ ավելի խորացնելու և ընդլայնելու դրա օրակարգը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները:
Արտահերթ ընտրությունների անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ կառույցների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությունը դրանց պատշաճ կազմակերպման նպատակով։
ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ հայկական կողմի մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Բրյուսելում կայացած ճանաչողական բնույթի հանդիպման արդյունքները։