Քաղաքական

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պաոլա Սևերինոյին: Զրույցի ընթացքում Փաշինյանն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ ուղղությամբ գործադիրը «հաստատակամորեն շարունակելու է հետևողական քայլերը»: Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանն այս ոլորտում անհրաժեշտ է համարում միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակումն ու վերջիններիս կողմից հնարավոր օժանդակությունը:

«Պաոլա Սևերինոն ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները և համոզմունք հայտնել, որ դրանք կլինեն արդյունավետ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության ՀՀ կառավարության, այդ թվում արդարադատության նախարարության հետ՝ հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանն օժանդակություն ցուցաբերելու նպատակով»,- մասնավորապես, նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի իրավապահ մարմինները մի շարք աղմկահարույց կոռուպցիոն բացահայտումներ են արել, որոնց առանցքում առավելապես նախկին իշխանության ներկայացուցիչներն են կամ նրանց մերձավոր շրջապատի անձինք:

Back to top button