ԿարևորՀասարակություն

Կանանց ներկայացվածությունը կառավարման մակարդակում բավարար չէ․ Շուշան Դոյդոյան

Որքանով են կանայք ներկայացված նոր Հայաստանի կառավարությունում, որքանով է լսելի նրանց խոսքը որոշումների կայացման գործընթացում: Արդյոք նոր ձեւավորված գործադիր մարմնում առավել մեծ կշիռ է տրվում կնոջ ներկայությանը: Հարցերի պատասխանը Ռադիոլուրն է փնտրել։

ՀՀ կառավարության 21 անդամներից` վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար, միայն 2-ն են կանայք` Մշակույթի ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները: 11-ից եւ ոչ մի մարզպետ կին չէ: «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի ֆեյսբուքյան հարցման արդյունքներով` 870 օգտատեր-պատասխանողների 47 տոկոսն անբավարար է գնահատել  նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներգրավվածության աստիճանը, իսկ 53 տոկոսը` բավարար կամ ավելի քան բավարար: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը եւս կարծում է, որ կանանց ներկայացվածությունը կառավարման մակարդակում բավարար չէ:

Դոյդոյանը նկատում է, որ կանայք ավելի շատ ներկայացված են փոխնախարարների, փոխմարզպետերի պաշտոններում, բայց, ասում է, այսպիսով կինը դիտվում է որպես աջակցող, օգնական եւ ոչ որպես հիմնական որոշում կայացնող: Իրականությունը մեր ակնկալիքներին եւ վարչապետի խոստումներին չի համապատասխանում` ասում է Դոյդոյանը: Մյուս կողմից` պաշտոնյա կանայք այսօր ավելի երիտասարդ են: Դոյդոյանի կարծիքով` նրանք ավելի ակտիվ են, ավելի հավակնոտ գաղափարներ ու ավելի շատ էներգիա ունեն: Նոր գաղափարներով ու թարմ ուժով իր նոր աշխատանքն է ստանձնել Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:  Որպես կին լսելի լինելու առումով դժգոհելու առիթ չի ունեցել ու հուսով է` չի էլ ունենա:

«Այսօր ունենք մտածողություն փոխելու դժվարություն: Բայց աստիճանաբար դա էլ է փոխվում: Նախկինում եթե մեծ վերապահումով էին մոտենում կանանց, թե նրանք ինչ հարց կարող են լուծել: Բայց կարծրատիպերը կոտրվում են` տեսնելով, որ կանանց մոտ է ստացվում, ընդ որում` շատ դեպքերում ավելի հեշտությամբ, մարդիկ դառնում են ավելի կնամեծար ու ավելի լսելի հենց կառավարության ներսում»:

Դիտարկմանը, թե կանայք ավելի շատ երկրորդ` օժանդակող օղակում են ընդգրկված` Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը կեսկատակ-կեսլուրջ է արձագանքում, բայց նաեւ արձանագրում`

«Դա հավանաբար նրա համար է, որ մենք աշխատենք, տղամարդիկ ներկայանան: Կարծես էդպես է: Բայց այսօր, եթե գնահատում ենք կանանց ակտիվությունը, կարող ենք ասել, որ նրանք նույնիսկ առաջին մակարդակում կարող էին բոլոր գործերն անել»:

Փաստաբան Նարեկ Սամսոնյանը նկատում է` Վենետիկի հանձնաժողովի հավանությանն արժանացած մեր Սահմանադրությամբ` խորհրդարանական կառավարման անցած մեր երկրում խորհրդարանի անդամների թվում կանանց ներկայությունն առնվազն 30 տոկոս պետք է լինի: Իսկ կառավարության աշխատանքներին մասնակցության առումով կանանց եւ տղամարդկանց համամասնությունը նորմատիվ ակտերով չի կարգավորվում:

«Որեւէ համամասնություն չի սահմանվում: Սահմանադրությամբ` կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից ու նախարարներից: Խոսքը չի վերաբերում փոխնախարարներին, եւ Սահմանադրությամբ չի նախատեսվում որեւէ կարգավորում»:

Գենդերային քաղաքական ռազմավարություն, ասել է, թե ինչպես են պլանավորում ներգրավել կանանց իրենց ծրագրերում, չունի նաեւ հայաստանյան որեւէ կուսակցություն: Շուշան Դոյդոյանը շեշտում է` վարչապետն ինքն էր կարեւորում կանանց ներգրավվածությունը պետական կառավարման գործընթացում, իսկ այսօր նրանց ներուժը շատ փոքր չափով է օգտագործվում կառավարությունում: Արդյոք սա չի խոսում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների անհրաժեշտության մասին, կառավարության կազմում բարձրացնել կանանց քվոտան` հասցնելով 30 տոկոսի: Հարցն առաջարկի պես է հնչում:

Ցուցադրել ավելի
Back to top button