Մշակույթ

Պահպանել ճարտարապետական կառույցները, թե՞ վերադարձնել նախկին տեսքին

Աղճատվել են կարևոր, ակնառու ճարտարապետական կառույցներ, որոնցով ճանաչելի էր մեր մայրաքաղաքը:

Այժմ Երեւանը համատարած խեղաթյուրումների, ավերածությունների և արժեզրկումների համալիր է դարձել՝ այսօր նման կարծիք է հայտնում ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը շեշտում է՝ այսօր կարևորը ճարտարապետական այդ կառույցների պահպանությունն է։

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան հրապարակին վերեւի հատվածում եմ։ Նախօրեին այստեղ մարդաշատ էր։ Հանդիսությամբ բացում էինք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանը։ Արձանի ընտրությունը, դրա՝ ճարտարապետական այս կառույցի վրա տեղադրումը բուռն քննարկումներով ուղեկցվեց։

Արձանը իրականում տեղադրվել է առանց մշակույթի նախարարության համաձայնության և տեղադրվել դեռեւս կարգավիճակ չստացած կառույցի վրա՝ այսօր հայտարարում է մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը ցույց տվեց, որ անգամ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված  կառույցները լիարժեք պաշտպանված չեն արտաքին գործոններից: Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը օրեր առաջ 7 կառույց ընդգրկել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Դրանք են Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը,  Ռոսիա կինոթատրոնը՝ իր նախնական տեսքով, Հրազդան մարզադաշտը,  Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» և «Երիտասարդական» մետրոյի կայարանները, ինչպես նաև  Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը:

Ինչպես մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, այնպես էլ  Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետը հստակեցնում են. կառույցների նախկին տեսքը վերադարձնելու հարցը երկրորդ խնդիրն է և մասնակիորեն է առնչվում կարգավիճակին:

Իհարկե՝ դժվար է մեր իրականության մեջ պահպանել պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցի նախնական տեսքը, բայց գոնե կարելի է օգտվել դրանց վերականգնման մեխանիզմներից՝ նկատում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Ըստ ճարտարապետի՝ այժմ մեր քաղաքը համատարած խեղաթյուրումների, ավերածությունների և արժեզրկումների համալիր է դարձել:

Ցուցադրել ավելի
Back to top button