Հասարակություն

Ֆեյսբուքի «մթնոլորտն» ու դրա ազդեցությունը

Ինչպես են գնահատում քաղտեխնոլոգիաները ֆեյսբուքի միջոցով հրաժարականի մասին տեղեկացրած պաշտանյաների գրառումները:

Ինչ մեխանիզմով է գործում այս սոց ցանցը և որքանով է մեծ դրա ազդեցությունը:

«Թավշյա հեղափոխության» մեջ հասարակության համախմբան համար մեծ նշանակություն ունեցավ ֆեյսբուքը։ Հենց սոցիալական ցանցի միջոցով էր Նիկոլ Փաշինյանն իր էջում ուղիղ հեռարձակում  իր քայլերը։ Այսօր վարչապետի ֆեյսբուքյան ասուլիսները դարձել են հասարակության հետ կապը պահպանելու հիմնական գործիք։

Սակայն նույն սոցիալական ցանցն այսօր նաեւ դարձել է հասարակական գործիք։ Ֆեյսբուքյան գրառումների, հասարակական ճնշման արդյունքում մենք արդեն ունենք նաեւ հակառակ պատկերը՝ շատ պաշտոնյաներ հասարակական ճնշման արդյունքում ազատման դիմումներ են գրում։ Մի քանի օր առաջ նման դիմում գրեց առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, երկու օր առաջ՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը: Վերջինը ֆեյսբուքում գրել էր.

«Չեմ կարծում, թե կրոնական հայացքներս, առաջին նախագահի հասցեին արած արտահայտությունս, «Աշտարակ կաթի» և թերթեր չգնելու պատմությունները, որոնք հասարակական հնչեղություն ստացան, իրենց պատշաճ բացատրությունները չեն ստացել իմ կողմից։

Բայց և այնպես, բոլորս պետք է հաշվի նստենք որոշակի իրողությունների հետ և իրականությանը ճակատ առ ճակատ հանդիպենք։ Իմ աջակցությունն եմ հայտնում ներկայիս գործադիր իշխանությանը։ Ուժերիս ներածին չափով օգնական եմ լինելու նրան։ Լավ մնացեք…  Հ.Գ. Խղճիս և Աստծո առաջ ուղիղ եմ»:

Հիմա մատնանշած թեմաների դիտարկումներից մի քանիսի մասին հակիրճ.

Սոցիալական ցանցերում բուռն քննարկման նյութ էր դարձել Գեւորգ Աճեմյանի՝ «Կյանքի խոսք» կրոնական համայնքին հարելու մասին տեղեկությունը, ապա ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հասցեին նրա վիրավորական հայտարարությունը դարձավ քննարկման նյութ։ Իսկ վերջինը «Աշտարակ կաթ»- ի հետ կապված աղմուկն էր։

Ուշագրավ է Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի նկատառումը.

«Աղանդավորությունը վատ բան չի, եթե հաջողությամբ ներդրվի Թուրքիայում և Ադրբեջանում` թեկուզև ֆինանսական մեծ ծախսերի հաշվին»:

ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի հրաժարականին նույնպես նախորդել են բազմաթիվ քննարկումներ.

«Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,-գրել էր նա:

Կարպիս Փաշոյանը մինչ հրաժարականը  անդրադարձել էր ապրիլյան պատերազմի մասնակիցների անունները շահարկելու խնդրին, ու ենթարկվել հասարակական քննադատությանը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարճ է մեկնաբանում տեղի ունեցածը.

«Այն ֆեյսբուքը, որը ծնեց այդ իշխանավորներին, հենց այդ նույն ֆեյսբուքը սպանեց նրանց»:

Իսկ ինչ սկզբունքով է մեխանիզմը գործում, ավելի շատ համախոհներ ունեցող կամ լայքեր հավաքած կարծի՞քն է գերակայում, թե՞ տեղեկության հավաստիությունը:

«Ֆեյսբուքը դա նույն միտինգն է, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է ամբոխի մի մասնիկ»:

Ֆեյսբուքում շատերը խիզախություն չեն ունենում իրենց կարծիքը հայտնել: Նույն քաղաքական տեխնոլոգիաները կիրառվում են նաև իրական կյանքում: Սա չի նշանակում, որ բոլորը ենթարկվում են մանիպուլյացիաների: Մտածող մարդիկ, ովքեր լուրջ վերլուծում են իրավիճակը, շատ լայքեր չեն հավաքում՝ ասում է քաղտեխնոլոգը։

Back to top button