Հասարակություն

Արմավիր ՔԿՀ-ում 21 դատապարտյալ այսօրվանից հացադուլ է սկսել

Արմավիր քրեակատարողական հիմնարկի 21 դատապարտյալ այսօրվանից հացադուլ է սկսում՝ այսօր «Ռադիոլուր»-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Բաբկեն Ղարդյանը:

Դեռ հուլիսի 10-ին շուրջ 30 դատապարտյալ Հանրային ռադիոյի միջոցով դիմել էր կառավարությանը՝ համաներման խնդրանքով, եւ հայտնել, որ ցանկանում են իրենց խնդիրը ներկայացնել վարչապետի ներկայացուցիչին:

Չկատարման դեպքում դատապարտյալները ծայրահեղ քայլի՝ հացադուլ սկսելու մասին էին հայտնել:

Քրեակատարողական հիմնարկից մեզ հաղորդեցին, որ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում, եւ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան:

Այսօր «Ռադիոլուր» զանգահարած Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը փոխանցեց իր հետ պատիժը կրող շուրջ 21 դատապարտյալների կարծիքը։ Նրանց վրդովվեցրել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ համաներում կիրառելու մասին «Ռադիոլուրում» արտահայտած միտքը: Քանի որ դատապարտյալների ավելի վաղ արված առաջարկ-խնդրանքը պատկան այրերի կողմից ուշադրության չի արժանացել, նրանք այսօրվանից սկսում են անժամկետ հացադուլ:

«Քանի որ վարչապետի ներկայացուցիչը չի այցելել մեզ, ուստի մեր խոստմանը հավատարիմ սկսում ենք հացադուլ: Միեւնույն ժամանակ խնդրում ենք ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանին, Նաիրա Զոհրաբյանին, որոնք բարձրացրել են համաներման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ վարչապետի ներկայացուցչին եւ ՄԻՊ-ին այցելել մեզ՝ քննարկումներ անցկացնելու համար»:

Արդարադատության նախարարը «Ռադիոլուրին» մասնավորապես հայտնել էր, որ համաներումը իրավունք չէ, այլ արտոնություն, որի շնորհումը իշխանությունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է՝ ներելու իրենց իրավունքը խախտած անձանց:

«Համաներում կլինի՞, թե՞ ոչ: Դա իշխանութունների, հանրության, հասարակության քաղաքական կամքն է: Արդյո՞ք ՀՀ-ի ժողովուրդը, իրավունքի խախտման զոհերը պատրաստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց: Սա հիմնահարց է, որը հացադուլով չէ, որ պետք է լուծվի, որը շնորհ է, արտոնություն է, որը պետք է անի հասարակությունը, իշխանությունը: Եթե դրա ժամանակը գա՝ կքննարկվի»:

Դատապարտյալները կարծում են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո համաներման որոշման ընդունումը հասունացել է, եւ հայցում են հասարակության եւ ԶԼՄ-ների աջակցությունը: Ըստ անազատության մեջ գտնվողների՝ նախարար Զեյնալյանը հանրության անունից խոսելուց առաջ պետք է ավելի շատ մտահոգվի քրեակատարողական հիմնարկներում տիրող անմխիթար վիճակից, ներքին խնդիրներից: «Արմավիր» քրեկատարողական հիմնարկի 21 դատապարտյալներ կոչով դիմել են իրենց բախտակիցներին միանալու՝ համաներման քննարկման պահանջ բարձրացնելու գործընթացին:

«Որի հետեւանքով ամեն օր հազարավոր մարդկանց իրավունքներ են խախտվում: Ցանկանում ենք հիշեցնել, որ համաներումը մարդասիրական քայլ է, որն ամրագրված է Սահմանադրությամբ»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ համաներման   մասին ինքը բարձր ամբիոնից խոսել է մինչեւ հեղափոխությունը, բայց վերջինիս իրականացումը գործադիր մարմնի ղեկավարի գործողությունների տիրույթում է, իսկ ինքը, որպես համաներման կողմնակից, այսպես ասած լոբբինգ է իրականացնում:

«Պահանջն ուղղված է վարչապետին, ու կարծում եմ տեղին է:  Հուսով եմ, որ կառավարությունը կարձագանքի: Այցելելու հետ կապված, ես միշտ էլ քրեակատարողական հիմնարկներ այցելել եմ, ու խնդրին ծանոթ եմ: Մեզ պետք է, որ գործադիր իշխանությունը հարցին ընթացք տա, եւ որոշակի լուծում գտնի: Կլինի՞, թե՞ ոչ: Չեմ կարող ասել: Նշենք, որ համաներման գործընթացը գաղտնի է, եւ տեղեկություն չի լինում մինչեւ գործընթացի ավարտը, նախագծի ներկայացնելը»:

Ըստ դատապարտյալների, Հայաստանի շուրջ 5000 դատապարտյալներից շատերը «անհամաչափ կամ ընտրովի արդարադատության են ենթարկվել», ու երկում տեղի ունեցած փոփոխությունից հետո համաներման շնորհումը հասունացել է, որի կիրառման դեպքում դատապարտյալները խոստանում են ավելի օրինապաշտ դառնալ:

Համաներման հարցի մասին ավելի վաղ հետաքրքրվել էինք Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից: ՄԻՊ-ը պատրաստ է մասնակցել բոլոր քննարկումներին, համաներման հարցը քննարկվելու դեպքում:

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի անկախացումից ի վեր եղել է 8 համաներում: Առաջինը՝ 95-ին, վերջինը՝ 2013 թվականին, անկախության 22-ամյակի կապակցությամբ:

Back to top button