Հասարակություն

Լոռու մարզի Ղուրսալու համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում տվյալներ են
ստացվել այն մասին, որ մարզի Ղուրսալի համայնքի ղեկավար Մ. Մ.-ն առերևույթ
թույլ է տվել չարաշահումներ և այլ օրինախախտումներ, որոնց հետևանքով
համայնքին պատճառվել է խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ չնայած 2016թ.
ընթացքում ավագանու նիստեր չեն կայացվել, սակայն կազմվել են իբրև կայացած
նիստերի որոշումներ և արձանագրություններ, որոնցում ավագանու անդամների
փոխարեն ստորագրել են այլ անձինք: Որոշումները հիմնականում վերաբերել են
համայնքի բնակիչներին սոցիալական օգ­նության գումարների հատկացմանը, որտեղ
հաճախակի սահմանված կարգի խախտմամբ ընդ­գրկված են եղել համայնքի ղեկավարի,
համայնքապետարանի այլ աշխատակիցների, ավագանու և նրանց ընտանիքի անդամներ,
ինչպես նաև համայնքի բնակիչ չհանդիսացող, կամ ՀՀ-ից բացակայող անձինք:

Այս առթիվ նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը,
հիմնավորված է համարել, որ Ղուրսալի համայնքի ղեկավարի, ինչպես նաև
համայնքապետարանի աշխատակցի գործողությունների արդյունքում որևէ անձի,
կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին էական վնաս
չի պատճառվել և 2018թ. փետրվարի 5-ին որոշում է կայացրել հանցակազմի
բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Լոռու մարզի դատախազությունում այս որոշման օրինականության ստուգմամբ և
նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ, սակայն, պարզվել է, որ
քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն անհիմն է, քանի որ
նյութերով չեն պարզվել դրանց վերջնական ընթացքը լուծող էական նշանակության
մի շարք հանգամանքներ: Նաև՝ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն
առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ 2018թ. փետրվարի
19-ին Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է քրեական
գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ
հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական
գործ, որը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ
քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների
համակցությամբ հիմնավորվել է, որ համայնքապետը շարունակաբար վատնել է
հիշյալ համայնքի խոշոր չափերով գումարը:

Մասնավորապես Մ. Մ.-ն, խախտելով համայնքի ավագանու համապատասխան որոշման
պահանջները, 2015 թվականի հոկտեմբերի 20-ից 2017 թվականի նոյեմբերի 15-ն
ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մոր, կնոջ,
կնոջ մոր, համայնքի բնակիչ չհանդիսացող 2 անձանց դիմումների հիման վրա
նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ է ելքագրել և նրանց հանձնելով՝
վատնել: Պարզվել է, որ նույն կերպ՝ Մ.Մ-ն նաև համայնքի թվով 29 բնակիչների
դիմումների հիման վրա նրանց անվամբ համայնքի բյուջեից միջոցներ ելքագրելով
և նրանց հանձնելով ևս վատնում է կատարել:

Նշված արարքների համար հունիսի 22-ին Ղուրսալի համայնքի ղեկավարին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի
1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով
յուրացում կամ վատնում կատարելը), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է
կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Մ.Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և
նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված
1.157.000 դրամի չափով վնասը:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը տվել է խոստովանական ցուցմունքներ,
աջակցել է նախաքննությանը, ամբողջությամբ վերականգնել է պետությանը
պատճառված վնասը՝ հուլիսի 18-ին նախաքննական մարմնի կողմից, դատախազի
համաձայնությամբ, գործուն զղջալու հիմքով դադարեցվել է նրա նկատմամբ
հարուցված քրեական հետապնդումը և գործով վարույթը կարճվել է:

Back to top button