Հասարակություն

Ինչու է աղբի մեջ կորել քաղաքը. պատկան մարմինները լռում են

Աղբահանության բարձիթողի վիճակը վերջին օրերին մայրաքաղաքում ավելի քան տեսանելի է։

«Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե որոնք են նման իրավիճակի պատճառները եւ նման տապի պայմաններում ինչ հետեւանք կարող են ունենալ դրանք մարդկան համար։

 

«Մաքուր Երևան» կարգախոսին չի համապատասխանում այսօրվա Երևանի դիմապատկերը: Երևանյան փողոցներով շրջելիս մայթեզրերի աղբամանները գրեթե բոլորը  մաքուր էին: Սակայն պատկերն այլ էր  շենքերի բակերում: Ամենուր աղբ ու գարշահոտություն է: Էլ չեմ ասում առնետների ու մլակների մասին:

2014 թվականից Երեւանի աղբահանությամբ զբաղվում է «Սանիթեք» ընկերությունը։ «Սպառողների խորհրդատվական կենտրոն»- ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նկատում է, որ լիբանանյան ընկերությունը սկզբնական շրջանում իր գործառույթները պատշաճ էր իրականացնում, սակայն վերջին տարիներին  պատկերը փոխվել է: Նա իրավիճակը բացատրում է աղբահանության գումարների հավաքագրմամբ:

«Թաղապետարաններում ստեղծվել է մի կառույց՝ ուռճացված, գնում ես ու վճարում և չգիտես, թե դրանից որքանն է հատկացվում «Սանիթեքին», որքանն է քաղաքապետարանին մնում: Եվ երևի դա էր պատճառը, որ վերջին ժամանակները «Սանիթեքն» սկսել է վատ աշխատել»:    

Աղբահանության խնդիրը տարիների պատմություն ունի, իսկ հիմա վիճակն ավելի է վատթարացել՝ հավելեց հասարակական կազմակերպության նախագահը: Բժիշկ Լալա Մանուկյանը մեջբերում է աղբահանության միջազգային կարգը: 22 աստիճանից բարձր ջերմաստիճանի պայմաններում  աղբահանությունը պետք է իրականացվի օրական  3 անգամ: Օրգանական աղբը քայքայվում է 48 ժամվա ընթացքում, սակայն շոգ օրերին այն նեխում է հաշված ժամերի ընթացքում՝ ասում է.   

«Առաջինը այդ տհաճ հոտը, որ դուրս է գալիս,  դա ածխաջրի սուլֆիդն է, որ արտազատվում է օդ: Դա շատ թունավոր նյութ է: Առաջացնում է բազմաթիվ ալերգիաներ.  չորություն բերանում, քերոցի զգացում կոկորդում, ինքնազգացողության վատացում: Եթե մարդն անընդհատ շնչում է այդ հոտը, օրվա ընթացքում կորցնում է իր աշխատունակությունը»:

Այս վտանգներին էլ գումարվում են աղիքային ինֆեկցիաները, որոնց թիվը, բժշկի խոսքով, այս տարի կրկնապատկվել է: Շատ հաճախ ինֆեկիցայի տարածողներն կրծողներն են ու մոծակները:

«Աղբահանությունն անպայման պետք է հատկապես շենքերի կողքերը, որտեղ երեխաներն են խաղում: Որ աղբի կուտակումն արդեն գետնին է:  Նրանք մոտենում են, ինչ որ բան վերցնում են գցում: Մանկական հիվանդանոցներում   շատ-շատ են ինֆեկցիոն հիվանդությունները»:

«Սանիթեք» ընկերությունում «Ռադիոլուրին» հայտնեցին, որ այսօր տարածած մամուլի հաղորդագրության ավելացնելու ոչինչ չունեն։ Իսկ հաղորդագրության մեջ նշված էր, որ տեխնիկական խափանումների արդյունքում մայրաքաղաքում  աղբահանությունը պատշաճ չի իրականացվել եւ ընկերությունը հայցել էր քաղաքացիների և հյուրերի  ներողամտությունը  պատճառված անհարմարության համար: «Ընկերության աշխատակիցները փորձում են  հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը: Այս պահին աշխատանքներ են իրականացվում նաև հակաճգնաժամային  պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու  ուղղությամբ»,- նշված էր հաղորդագրության մեջ։

«Սանիտեքի» հետ պայմանագիրը կնքել էր Երեւանի քաղաքապետարանը եւ փորձեցինք պարզել, թե արդյոք այստեղ տեղյակ են իրավիճակից, ինչ տեխնիկական խափանումների են եղել աղբահանություն իրականացնող ընկերությունում եւ քաղաքապետարանն ինչպես է դրանց արձագանքել կամ փորձել աջակցել դրանց կարգավորման համար։ Մեր հարցերը մնացին անպատասխան։

Back to top button