Մշակույթ

Վարուժան Պլուզյանի հոգեհանգիստը` վաղը


Մշակույթի վաստակավոր գործիչ Վարուժան Պլուզյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 18- ին ժամը 18- ին Նուբարաշենի փող. 46 հասցեի սգո սրահում, հուղարկավորությունը՝ հուլիսի 19- ին ժամը 14- ին նույն հասցեից։

Մեր ավագ գործընկներն իր մահկանացուն կնքվել էր նախօրեին՝ 80 տարեկանում։ Ծնվել է Երեւանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան, եղել է օպերային երգիչ, սակայն կյանքի մեծ հատվածը՝ մոտ հինգ տասնամյակ, աշխատել է Հանրային ռադիոյում։

Վարուժան Պլուզյանի երաժշտական հաղորդումները ռադիոյի «Ոսկե ֆոնդի» գանձերից են, նա նաեւ բազմաթիվ երաժիշտների մասին գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։

Շուրջ կես դար նա Հայաստանի հանրային ռադիոյում էր, մեր ավագ, սիրելի գործընկերը, որի երաժշտական հաղորդումները բաց դաս էին երիտասարդ ռադիոյականներիս համար: Կիրթ, գրագետ, բովանդակալից իր հաղորդումներով Վարուժան Պլուզյանը Հանրային ռադիոյի ամենասիրելի դեմքերից մեկն էր,

Չափազանց արժեքավոր ու գնահատելի մի մարդ ողջ հանրապետության համար։ Հանրային ռադիոյի մշակութային հաղորդումների գլխավոր խմբագիր Օֆելյա Ասատրյանը նրան ճանաչում էր ռադիո մուտք գործելու առաջին իսկ օրից: Իսկ դա մոտ 45 տարի առաջ էր։

Օֆելյա Ասատրյանին և Վարուժան Պլուզյանին միավորում էր ոչ միայն հանրային ռադիոն, այլև Վանը: Երկուսի նախնիներն էլ վանեցիներ էին, ինչը առանձնահատուկ էր դարձնում նաև երկու վանեցիների շփումը։

Վան-Վասպուրականն իր հրաշալի բնապատկերներով, ինքնատիպ բարբառով, երաժշտությամբ, կենցաղով Վարուժան Պլուզյանը ներկայացրել է շուրջ մեկ տարի առաջ  լույս տեսած «Այսօր ձայնըն հայրական» կենսագրական վեպում: Երաժշտագետ, ռադիոլրագրող Վարուժան Պլուզյանի  հուշագրությունը  ներկայացնում է ուշագրավ տեղեկություններ Արևմտյան ու Արևելյան Հայաստանի  պատմության, կենցաղի ու մշակույթի վերաբերյալ՝ 20-րդ դարի սկզբից մինչև մեր օրերը: Գրքի խմբագիրը Հենրիկ Բախչինյանն էր:

«Հայ ժողովրդի պատմության 100-ամյա շրջանն ամփոփող, ազգասիրությամբ ու մարդասիրությամբ հագեցած  խիստ ճանաչողական մի վեպ, նորագույն շրջանի հուշագրային գրականության լավագույն աշխատանքներից մեկը». Հենրիկ Բախչինյանը այսպես էր բնութագրում Վարուժան Պլուզյանի աշխատությունը, որն ավարտվում է հեղինակի՝ նախնիների հետ մտովի զրույցով։ Սա եւս հատուկ է Պլուզյանի ձեռագրին՝ ասում է խմբագիրը։

Պլուզյանների տոհմի ժառանգը զբաղվել է իր գործով և տասնամյակների իր հարուստ ձեռքբերումներին նա գումարեց ևս մեկը՝ կենսագրական վեպ, որը, Հենրիկ Բախչինյանի բնորոշմամբ, հավակնում է դառնալ հայ հուշագրային գրականության լավագույն նմուշներից մեկը։ Հանրային ռադիոյի համար Վարուժան Պլուզյանը բոլոր ժամանակների լավագույն ռադիոլրագրողներից մեկն էր, նաև հրաշալի գործընկեր, որին միշտ հիշելու ենք սիրով ու ժպիտով:

Ցուցադրել ավելի
Back to top button