ԿարևորՀասարակություն

Բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ ազդեցություն ունեն պետգնումների վրա


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը շահերի բախման դեպքեր վերհանելու և դրանք կանխարգելելու նպատակով ուսումնասիրել է 2014-2017-ին կատարված պետգնումները` նպատակ ունենալով  բացահայտել այն դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ուղղակի կամ անուղղակի միջամտություն են ունեցել պետգնումների գործընթացին:

Շահերի բախման դեպքեր բացահայտվել են` «Ռադիոլուրին» փոխանցվել են հանձնաժողովից: Դրանց, սակայն,  փաստաբան Մարատ Ատովմյանը վերապահումով է մոտենում:

 

2014-2017 թվականներին կատարված պետական գնումների գործընթացներին որքանով են միջամտություն ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձինք կամ նրանց հետ 1-ին աստիճանի արյունակցական կապ ունեցողները և ամուսինները: Հարցի պատասխանը փնտրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը` 2017-ի հոկտեմբերից  մինչև այս մարտը ուսումնասիրությամբ: Արդյունքներն ամփոփվել են առանձին զեկույցով: Ըստ դրա՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյան ֆորմալ առումով ներգրավված չի եղել գնման մրցույթներին, բայց փաստացի կարող էր ազդեցություն ունենալ իր շահերից բխող որոշումների կայացմանը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյան:

« Ուսումնասիրված 709 պայմանագրերից 99-ում (14%) ըստ էության առկա է շահերի առերևույթ բախման իրավիճակ. Բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությամբ կազմակերպությունները հաղթող են ճանաչվել այն մարմինների գնումների մրցույթներում, որտեղ ԲՊԱ պաշտոն է զբաղեցնում»:

Բարձրաստիճան անձանց ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ պայմանագրեր կնքած ընկերությունների անունները հրապարակվել են` ասում է Էդգար Շաթիրյանը: Փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանն այս հարցում վերապահում ունի` ինչու չեն ներկայացվում պետգնումների գործընթացի վրա ազդեցություն ունեցած պաշտոնյաների անունները: Հանձնաժողովի անդամը հակադարձում է:

«Մեր խնդիրը չի եղել բարձրաստիճան պաշտոնատար այս կամ այն անձանց անունների հրապարակումը: Հրապարակել ենք կազմակերպությունների ցանկ, այսինքն` ցանկության դեպքում հնարավոր է պարզել բարձրաստիճան պաշտոնյաներին եւ նրանց հետ փոխկապակցված անձանց»:

Մարատ Ատովմյանն այլ վերապահումներ  էլ ունի թե հանձնաժողովի գործունեության, թե այս կառույցի ներկայացրած զեկույցի առումով: Որքանով էր հիմնավոր պետական միջոցների հաշվին ստեղծել նման մարմին, որն իր սուղ լիազորությունների պատճառով սուղ էլ աշխատանք էր կատարում: Փաստաբանը հիշեցնում է, որ տարիներ շարունակ այս հարցադրմանը հանձնաժողովից պատասխանում էին, թե այդքանն էին  թույլ տալիս իրենց վերապահված գործառույթները: Ատովմյանը կարծում է նաեւ, որ վերջին զեկույցներն ուղղակի ընթացիկ հակակոռուպցիոն տրամաբանության մեջ  են:

«Այս պարագայում ասել, թե որքանով են բոլոր հնարավոր ռիսկերն ու դրսեւորումները բացահայտվել եւ դրանք արծարծվել, դա մի քիչ դժվար է ասել, քանի որ մենք համեմատելու տարբերակ չունենք այլ զեկույցի կամ այս առումով այլ բացահայտումների հետ»:

Էդգար Շաթիրյանն իր հերթին շեշտում է` շահերի բախման կանխարգելման ու վերացման նպատակով կատարված ուսումնասիրությունը առաջարկների հիմք է դարձել, ու այդ առաջարկները ներկայացվել են կառավարությանը, իրավասու մարմիններին: Զեկույցում բարձրացված խնդիրները փաստում են` շահերի բախման իրավիճակների օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն:

Վերջին ՝ 2016-ի ընդգրկուն փոփոխություններից հետո էլ ընդգծվում  է նոր փոփոխությունների կարիքը: Իսկ փոփոխությունները ծրագրվում է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմամբ, որի պահից էթիկայի հանձնաժողովը կդադարի գործել:

Back to top button