Հասարակություն

Շենքի փլուզում Երեւանում. կա երկու վիրավոր եւ մեկ զոհ

Երևանի Արշակունյաց պողոտայի 23 հասցեում տեղակայված՝ Հայաստանի արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի շենքն այսօր մասամբ փլուզվել է։

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ)՝ պարզվել է, որ փլուզվել է ճակատային հատվածի քիվը (մոտ 10 գծամետր), ինչի հետևանքով կան տուժածներ:

Քիչ առաջ շենք ժամանեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երեք տուժողներից մեկը մահացել է, երկուսը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

Նրա փոխանցմամբ՝ շենքում շինարարական աշխատանքներ են տարվել: Երեքն էլ եղել են Փորձագիտական կենտրոնի աշխատակիցներ, որոնք փլուզման պահին անցնում էին շենքի տակով:

ԱԻՆ-ը ավելի վաղ հաղորդել էր, որ փլուզման մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել է ժամը 11։13, դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Գ. Մ.-ն (1965թ.), Ա. Կ.-ն (1971թ.) և Մ. Հ.-ն (1990թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Հ.-ինը` բավարար: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը», — ասված էր ԱԻՆ հաղորդագրությունում:

Back to top button