ԿարևորՄշակույթ

Ռադիոլուրի անդրադարձը՝ նվիրված նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն

Այսօր հրաժեշտ են տվել նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի — Սամվելյանին: Նա ծնվել էր Նախիջևանի Գողթան գավառի Ագուլիս քաղաքում 1946 թվականին։ 1953 թվականին ընտանիքով տեղափոխվել Երևան։

1963-1967 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1974 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ էր։ Լուսիկ Ագուլեցու կտավները գտնվում են Հայաստանի և արտերկրի թանգարաններում, մասնավոր հավաքածուներում։ 2014թ-ին նրան շնորհվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում։

Նկարչուհին քանդակագործ Յուրի Սամվելյանի կինն էր։ Լուսիկ Ագուլեցուն է նվիրված Ալիսա Գևորգյանի անդրադարձը:

 

Ասում էր, որ իր տարազներից յուրաքանչյուրը  պատրաստել է ինչ-որ կարևոր առիթով, իսկ այն տարազը, որը կրում էր մեր զրույցի ընթացքում,  պատրաստել է շատ կարևոր, կամ ինչպես ինքն է ասում՝ մեծ առիթով: «Ապրիլյան պատերազմից հետո գնացի Արցախ՝ զինվորների հետ հանդիպելու: Դրա համար ես հատուկ տարազ էի պատրաստել»։

Երկրորդ մեծ առիթը, որի համար Լուսիկ Ագուլեցին պատարաստել էր  զգեստը,  Հռոմի պահի հետ հանդիպումն էր: Նկարչուհին գլխազարդ է կրում, որը խորհրդանշում է Ամանորն ու Սուրբ ծնունդը: «Հնում խորհրդանշական զարգը տոնական զգեստի անբաժանելի մասն էր»,- ասում է: Իսկ տոնական նոր հագուստը հայոց մեջ ամանորը դիմավորելու պարտադիր պայման էր: Դեռ մի քանի ամիս առաջ կանայք սկսում էին տոնական հագ ու կապի պատրաստման աշխատանքները։

«Յուրաքանչյուր հայ աղջիկ պետք է գործել իմանար: Հավաքվում էին ինչ որ մեկի օդայում, զրուցում  ու գործում էին: Յուրաքանչյուր տոնի համար  նախատեսված հագուստ ուներ իր խորհրդանիշը: Տոնական արդ ու զարդի պարտադիր մաս էր կազմում արծաթեղենը: Արծաթե յուրաքանաչյուր զարդ ևս ուներ իր խորհրդանշանը: Չափազանց կարևորվում էր՝ ով է կրում  զարդը, ինչի համար է կրում»:


Այս ամենի մասին Լուսիկ Ագուլեցին կարող էր պատմել անվերջ, հաճույքով: Ազգային յուրաքանչյուր տոնի առիոթով նա ամենապահանջված բանախոսն էր, խորհրդատուն, զրուցակիցը, որովհետև ազգային տոների, ավանդույթների, տարազի առանձնահատկությունների մասին ով գիտեր ավելի լավ, քան Լուսիկ Ագուլեցին: Տասնամյակներ շուրանակ ոչ միայն ինքն էր տարազ կրում, այլև փորձում էր խրախուսում էր երիտասարդ հայուհիներին հայկական տարազ ու զարդեր կրել: Համոզված էր, որ հայի փրկությունը նրա ակունքներում է:

Երևանի Մուրացանի փողոցի  79 հասցեում Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի տուն-թանգարանն է, որտեղ նրա  40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղներն են։

Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։ 2017-ի աշնանը թանգարնում տոնեցին նոր ցուցասրահի բացումը: Նորաբաց ցուցասրահում Լուսիկ Ագուլեցու կտավներն են, կտավներում նաև նրա հայրական տունն է Ագուլիսում:

«Ագուլիսին նվիրված մի ամբողջ շարք ունեմ: Այս կտավում այն տունն է, որտեղ ծնվել եմ: Այն 24 սենյակ ուներ: Կան կտավներ, որոնք իսկապես շատ թանկ են: Այստեղ ներկայացված են տարբեր շրջանների իմ լավագույն գործերը, որոնք խնամքով պահել եմ տարիներ շարունակ: Այս ցուցադրությունն ինձ համար ինչ-որ առումով քննություն է»,- ասում էր Լուսիկ Ագուլեցին:

Թանգարանում ցուցադրվում է նաև Ագուլեցու հավաքածուն, որն ընդգրկում է հին ու հնագույն խեցեղեն, հնատիպ գրքեր, կահ-կարասի, գորգեր, ծիսական տիկնիկներ, տարազ, զարդեր և այլն: Մշակույթն այս տան յուրաքանչյուր անկյունում է, տան բնակիչների գենի մեջ:

Back to top button