Հասարակություն

Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին վտանգված է. Կարոտ Սասունյան


Եվրամիության մշակութային ժառանգության մրցանակին արժանացած Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու դռները փակ են  ու երկրում ստեղծված իրավիճակը  հույս չի ներշնչում, որ այդ դռները  մի օր կբացվեն՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է Դիարբեքիրում բնակվող, լրագրող Կարոտ Սասունյանը:

Մեր հայրենակցին մխիթարողն այն է, որ Սուրբ Կիրակոսը Դիարբեքիրի  այլ եկեղեցիների պես չի պետականացվի: Նման վճիռ ավելի վաղ ընդունել էր Թուրքիայի բարձրագույն վարչական դատական մարմինը։

 

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին ամենամեծ հայկական եկեղեցին է Մերձավոր Արևելքում: Երկար տարիներ այն լքված է եղել: 2011-ին Սփյուռքի նվիրատվությունների շնորհիվ այն հնարավոր եղավ վերականգնել և վերաբացել ծխականների համար:

«Վերաբացման 4 տարիների ընթացքում եկեղեցին եղել է խաչմերուկ, հանդիպման վայր, ինքնության վայր, խորհրդանիշ»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Դիարբեքիրում բնակվող Կարոտ Սասունյանը։ Հայերը եկեղեցին դարձրել են հավաքատեղի, ինքնությունը վերագտնելու օջախ:

Այսօր այն լքված է, քանդման վտանգի առջեւ: Կարոն կարողացել է գաղտնի մուտք գործել եկեղեցի,  լուսանկարել այն ու նկարներով  փոխանցել եկեղեցու ծայրահեղ ծանր վիճակը: Նշենք, որ Սուրբ Կիրակոսը վերջին անգամ տուժել է Թուրքիայի կառավարական զորքերի և քուրդ զինյալների միջև 2015-ին սկսված բախումների ժամանակ, դրանից հետո  եկեղեցու տարածքն անհասանելի է դարձել բոլորի համար:

«Ես եկեղեցի մտա, հարեւանությամբ գտնվող շինության միջոցով, որտեղ անցք էր բացվել դեպի Սուրբ Կիրակոս: Ընդհանուր վիճակը ահավոր էր. խորանն օգտագործվել էր որպես խրամատ, սրբաբատկերների 90 տոկոսը ավերված էր, օգտագործվել էր նրանց բնական կարիքների համար, ամբողջ գետինը անկողնային պարագաներ էին շաղ տված, նստարանները, ապակինները կոտրված: Ավերված էր խոհանոցը, հուշանավերների վաճառքի հատվածը, իսկ այն հուշանվերները, որոնք իրենք չէին հավանել, այրել էին: Միայն պատրիարքի համար նախատեսված աթոռն էր, որ չէին վնասել»:

Եկեղեցու դուռը փակ է շուրջ 3 տարի: Մուտքը  թույլատրվում է միայն տեղի իշխանությունների կողմից: Վերջին անգամ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է այցելել եկեղեցի՝ իրավիճակը գնահատելու համար: Ըստ Կարոտ Սասունյանի՝ Սուրբ Կիրակոսը վերանորգման կարիք ունի, այս վիճակում այն չի կարող երկար կանգուն մնալ՝ կխոնարհվի, քանի որ եկեղեցու սյուները վնասված են: Իսկ իշխանությունների՝ վերաբացման բարի կամքի դրսեւորման հարցում վատատես է:

«Ներկայում, շատ եմ ցավում, բայց եկեղեցին վերբացելու ոչ մի հույս չկա: Եկեղեցու դռները փակ կմնան, քանի որ երկրիրը ղեկավարվում է մեկ անձի կողմից: Նման լիազորությունները տրվեցին նախագահին բարեփոխված սահմանադրության շնորհիվ, ու երկրում վիճակն ավելի վատացավ:  Անգամ ժողովրդավար ճանապարհով ընտրված տեղական իշխանությունների ներկայացուցիչներն են հրաժարական տալիս, կամ ձերբակալվում»:

Դիարբեքիրում բնակվող մեր հայրենակիցը հայտնում է, որ  փակված Սուրբ Կիրակոսի փոխարեն տիգրանակերտցիները ասորական Սուրբ Մարիամ եկեղեցի են այցելել ու այնտեղ մոմ վառել: Երբ անասունների հոտը վերացվում է, հովվի կարիք էլ չի լինում, մենք էլ հոգեւորականի, հովվի կարիք ունենք:

Ու եթե անգամ տեր հայր էլ չլինի,  Սուրբ Կիրակոս եկեղեցին մեր համար նման խորհրդանիշ է՝ ասում է Կարոտ Սասունյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button