Մշակույթ

Հազար ու մի եկեղեցիների քաղաքը՝ Երևանում


Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին Երևանում է: «
Քարերի պոեզիա. Անի» խորագիրը կրող ցուցահանդեսը երկու ամիս առաջ բացվեց Ստամբուլում, հիմա  Երևանում է:

Հայաստանի և Թուրքիայի մասնագետների տարիների աշխատանքի արդյունքն է, երկու կողմն էլ հպարտանում է՝ Անին համամարդկային արժեք է:

Անի քաղաքին նվիրված ցուցահանդեսն ունեցավ երկու բացում՝ լուսավոր և անլույս սրահում: Բացման արարողությունից րոպեներ առաջ  Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանի լուսավորությունն անջատվեց:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա այնպես, ինչպես պլանավորված էր՝ անլույս, թե լուսավոր սրահում կարևոր չէ՝ այս խոսքերով թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը բացեց ցուցահանդեսը:

Ցուցադրության երկրորդ բացումը վիճակված էր վերականգնող ճարտարապետ Յավուզ Օզքայանին: Լուսավորությունը եկավ հենց նրա խոսքի ժամանակ՝ Անին լույս բերեց, միանգամից ասաց:

Քարերի պոեզիան՝ Անին, ցուցահանդեսը ներկայացնում է հայ և թուրք փորձագետների աշխատանքը: Ջանքերը պետք է միավորվեն՝ Անին փրկելու համար, կարծում են մասնագետները:

Մշակույթը հանրային ապրանք է, համամարդկային արժեք: Այն նպաստում է, որ ժողովուրդները մտերմանան, երկխոսեն՝ մշակույթի լեզվով:

Այս մասով ցուցադրությունն իրեն արդարացրել է՝ կարծում է Հայաստանում ԵՄ  պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը:

Դեռ 2013-ին է Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Նորվեգիայի ճարտարապետների, վերականգնող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների ու արվեստաբանների  խումբն Անիում եղել՝ տեսածն ու ուսումնասիրածը միավորել՝ դարձրել են ցուցահանդես:

Այցելուներն անլույս ցուցասրահից չեն գնում՝ Անին ինքն իրենով լույս է:

Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Անին Երևանում կլինի մինչև օգոստոսի 26-ը:

Back to top button