Քաղաքական

Կուսակցական դրոշները վայր դնելու ժամանակն է. Րաֆֆի Հովհաննիսյան

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք ողջունում են նոր կառավարության գործունեությունը, զորակցում նրան:

Ներքաղաքական իրավիճակը բոլորս ապրում ենք, սա հայկական հոգու թռիչքն է, որ միասին ապրեցինք վերջին ամիսների ընթացքում՝ նշել է նա, ապա շեշտել, որ իրենց համար էլ ժամանակավոր անցման շրջան է, քանի որ ո՛չ ընդդիմություն են, ո՛չ էլ կառավարության մաս են կազմում:

Հույս ունենք, որ նոր ընտրությունների բերմամբ, վերջապես 25 տարվա մեջ առաջին անգամ մեր ժողովուրդը կունենա իրեն պատկանող, վստահելի, հաշվետու կառավարություն՝ նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ընտրական օրենսգրքի» շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ հարցին արձագանքելով՝  Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգությունը» հանդես է գալիս առաջարկներով, որի մեջ է նաեւ անցողիկ շեմն իջեցնելն ու նորագույն տեխնոլոգիաների ներմուծում անելը, որը կբացառի ցանկացած կրկնաքվեարկություն: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու «Ժառանգություն» կուսակցության նախընտրելի ձեւաչափին. Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իրենք այդ հարցով դեռեւս քննարկում չեն արել: Հիշեցրեց, որ ինքը հրապարակային քաղաքացիական առաջարկ է արել.

«Առ այն, որ 5 տարի հետո կուսակցությունները կարող են ավանդական, ստանդարտ պայքար տանել մեկը մյուսի նկատմամբ, բայց ժողովրդի հեղափոխության արդյունքներն արձանագրելու համար այս անգամ շարժման ուժերը, որոնք ցանկանում են միասին գնալ, պետք է միասնական ցուցակով գնան»:

Վարչապետ Փաշինյանն ու իր կուսակցությունը պետք է ծանրութեթև անի՝ իրենք ուզո՞ւմ են կուսակցականացված մոտեցում: Հիմա որոշումն իրենց տիրույթում է գտնվում՝ հավելեց Ժառանգության հիմնադիրը: Շեշտեց, որ իրենք կողմ են կուսակցական դրոշների վայր դրմանը և միասնական ցուցակին:

«Եթե դա ստացվի, ողջունելի կլինի: Կարծում եմ՝ դա անհրաժեշտ է: Իսկ եթե ոչ, ապա «Ժառանգությունը» արդեն կորոշի առանձին գնալ, թե ուրիշ ուժերի հետ: Բոլոր դեպքերում, «Ժառանգությունը» մասնակցություն կունենա առաջիկա զարգացումներին»:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ երկու մոտեցում կա: Կամ յուրաքանչյուրն զգում է, որ ինքը կաթիլ ներդրում ունեցել է այս զարթոնքում կամ կարող է չարանալ կամ նախանձել: Իրենք կարծում են, որ դա նաեւ իրենց հաղթանակն է, քանի որ ընդհանուր պայքարի մեջ են եղել երկար տարիներ: Պատրաստ ենք զորակցելու այս կառավարությանը եւ այնպես անել, որ ինքը լինի ընտրված նոր իշխանություն՝ ասաց:

Ըստ նրա՝ այդպես մտածող ուժերը արժե, որ միասին հանդես գան՝ ո՛չ ցուցակ կազմելու համար, այլ ժողովրդի հաջողությունը քաղաքականապես արձանագրելու եւ արտացոլելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Ժառանգությունը որեւէ մտահոգություն կամ մտավախություն չունի. եթե կուսակցությունը որոշի դաշինքով կամ առանձին մասնակցել, ապա անպայման կներկայանա օրենսդիր մարմնում:

Անդրադառնալով Երեւանի ավագանու հնարավոր արտահերթ ընտրությանը իրենց մասնակցության հարցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ կարծիք հայտնեց, որ դա բոլորի համար նոր զարգացում է, ուստի բոլորն էլ մտահոգ են ժամկետների պահով, ապա հստակեցրեց.

«Մեր դիրքը բավականին ուժեղ է նաեւ մայրաքաղաքում: Մեր նախընտրությունը միշտ մասնակցելն է, բայց, անկեղծ լինելու համար, նման քննարկում տակավին չի եղել. հավանաբար՝ հաջորդ շաբաթ»:

Որպես քաղաքացի էլ ասաց, որ նույն բանաձեւն, ինչ առաջարկում է համապետական ընտրությունների համար, կառաջարկի նաեւ քաղաքային ընտրություններին, այսինքն՝ հեղափոխական միասնական ցուցակով մասնակցություն: Մնացածի մասին կարող են խոսել, երբ ժամանակը գա եւ լինեն քննարկումներ՝ եզրափակեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Back to top button