Տնտեսական

Ինչո՞ւ է ջրազրկվել Խարբերդը


Արձագանք «Ռադիոլուրի»  ունկնդիրների բարձրացրած խնդիրներից հերթականին: Արարարտի մարզի Խարբերդ համայնքի ամառանոցային հատվածի  բնակիչները դժգոհ են՝ ոռոգման ջուր չունեն, ասում են՝  համայնքը    տափաստան է   դառնում:

«Ռադիոլուրը» գնացել է խնդրի հետքերով.  զրուցել  է տարածքը սպասարկող Երևան ՋՕ-ի տնօրենի հետ և  լսել  «վաղը  բնակիչները ջուր կունենան» խոստումը:

Ամռան այս տոթին մեր երկրում օրեցօր ավելի ու ավելի հրատապ է  դառնում ոռոգման ջրի բացակայության հարցը: «Ռադիոլուրն»  այսօր հերթական ահազանգը ստացավ: Հեղինակը Արմեն Խաչատրյանն  է:

Ահազանգը Խարբերդի ամառանոցային թաղամասի  բնակիչներից է՝ 16,17,20  հասցեներից: Նախկինում ոռոգման ջրի խնդիրը կարգավորվում էր՝ ըստ ժամանակացույցի, այժմ «Ռադիոլուրի» զրուցակցի խոսքով,  ժամանակացույց չկա, ոռոգման ջուր՝ նույնպես:

Խաչատրյանի խոսքով՝  խողովակները հին են, ջուրը տեղ չի հասնում:

Խարբերդի ոռոգման ջրի պատասխանատուն Երևան ՋՕ ընկերությունն է: Զրուցեցինք ընկերության տնօրեն Մերուժան Ասատրյանի հետ: Հաստատեց՝ իսկապես ամառանոցային հատվածներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ կան, խցանումներ են եղել խողովակներում:

«Ռադիոլուրի» մյուս զրուցակիցը Հարություն Մանուկյանն է 20-րդ փողոցի երրորդ նրբացքի 17-րդ տանն է  բնակվում:  Վստահեցնում է՝ ընկերությունը ոռոգման ջուրն ըստ ժամանակացույցի չի մատակարարում: Նրա հետ զրուցելիս մեր խոսկացությանը միացավ  հարևանուհին՝  Հասմիկ Մանուկյանը:

Ասատրյանը վստահեցրեց՝  իրենց սպասարկած տարածքում ոռոգման ջրի  անբավարարության խնդիր չկա:

Ոռոգման ջրի խնդիրը հրատապ է բոլոր մարզերում, հատկապես Արարատյան դաշտավայրում: Սա, ըստ վերջին, հետազոտությունների պայմանավորված է Արարատում և Արմավիրում ձկնային տնտեսությունենրի հախուռն  շահագործմամբ: Սա, սակայն,  հարցի  միայն մի կողմն է: Զրուցակցիս՝  Ազգային ջրային համագործակցություն հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան  Արևիկ Հովսեփյանի խոսքով, ոռոգման ջրի խնդիրը ավելի շատ  վատ կառավարման արդյունք է:

«Շատ հաճախ ասում են ջրի խնդիրը ոչ թե պակասից է, այլ՝ լավ կառավարումից:  Լավ կառավարման դեպքում էլ դու կարող ես կարիքները բավարարել:  Ցավոք սրտի մեզ մոտ կառավարման խնդիրը դեռ մնում է բաց: Հայաստանում  կառավարման ապակենտրոնացումը չի ստացվում»:

Փորձագետն ընդգծում է՝  ջրի քանակի մոնիտորինգ չկա, իսկ դա կարևոր է: Մինչև չիմանաս՝  որքան ջրային  պաշար ունես, չես կարողանա դրանք կառավարել:  Մակերևութային ջրերի պաշարները  հաշվվում են, ստորգետնյա ջրերի նը՝ ոչ: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Back to top button