Հասարակություն

Ինչ կտա ճարտարապետական արժեքավոր կառույցների նոր կարգավիճակը


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը շարունակվում է: Փառատոնի շրջանակներում այսօր Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում տեղի է ունեցել համանուն գրքի շնորհանդեսը:

Գրքի հեղինակը՝ ճարտարապետ Կարեն Բալյանը, առաջին անգամ չէ, որ անդրադառնում է ճարտարապետական արժեքավոր կառույցներին:

Կարծում է, որ եթե նույնիսկ դրանք ժամանակի ընթացքում վերանան, գոնե գրքում պետք է պահպանվեն: Հետաքրքրիր զուգադիպությամբ մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը նախօրեին միաձայն կողմ է քվեարկել մի շարք  կառույցների  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն:

Դրանց թվում է նաև ամառային կինոթատրոնը:

 

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որն այժմ կիսաքանդ վիճակում է, իրականում մշակութային լուրջ արժեք է: Ճարտարապետ Կարեն Բալյանն իր նոր գրքում հենց այս կառույցին  է անդրադարձել. դրա ճարտարապետությանը, պատմությանն ու դերին:

Այն, որ կառույցը կվերականգնվի, պարզ էր դեռ երեկ: Մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովը այս և ևս 6 կառույց ընդգրկել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դրանք են Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա կինոթատրոնը՝ իր նախնական տեսքով, Հրազդան մարզադաշտը,  Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ և Երիտասարդական մետրոյի կայարանները, ինչպես նաև Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը:  Թե ինչ կտա այս կառույցների նոր կարգավիճակը,  հետաքրքրվեցինք նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանից:

Մշակույթի նախարարության քայլը ողջունում է նաև Գուրգեն Մուշեղյանը, միայն թե կարծում, որ պետք է հետևողական լինել, հակառակ դեպքում նախաձեռնությունը ինքնանպաակ կդառնա:

Արդյոք  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճը ենթադրում է կառույցի ոչ միայն շենքային, այլև ֆունկցիոնալ վերականգնում: Արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանն, օրինակ անդրադառնալով  Ռոսիա կինոթատրոնին, կարծում է, որ պետք է վերականգնվի ոչ միայն շենքի նախկին տեսքը, այլև՝ գործառույթը:

Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցնում է. հուշարձանի կարգավիճակն ամենևին էլ չի նշանակում, որ այն պետք է հին տեսքին և հին գործառույթին վերադառնա: Ավելին՝ այն կյանքի կկոչվի միայն կառավարության կողից հաստատվելուց հետո:

Իհարկե, լավ կլիներ, որ վերականգնվեին  նաև նախկին գործառույթները, բայց դա արդեն մշակույթի նախարարության որոշելու հարցը չէ, հստակեցրեց փոխնախարարը: Կարևորը, որ այդ շենքերը գոնե չեն քանդվի , իսկ թե ինչին կծառայեն, արդեն երկրորդական հարց է:

Back to top button