Վերլուծական

Սոցիալական, թե՞ կրոնական խռովություն. փորձագետները՝ Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին


Երբ Ադրբեջանը ինչ-որ համաձայնագիր պետք է ստորագրի ԵՄ-ի հետ, միշտ այդ երկրում տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ միջադեպ՝ ռադիկալ իսլամիստների հետ կապված: Դա Ալիեւը որպես փաստ շատ հարմար օգտագործում է՝ ազդակ ուղարկելով ԵՄ, թե ինքն է այն երաշխիքը, որ կարող է այս տարածաշրջանում արմատական իսլամիստների դեմն առնել:

Սա նկատել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 3-ին կատարված քաղաքապետի մահափորձին եւ դրան հաջորդած իրադարձություններին:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը չի բացառում, որ իսլամ դավանողները կարող են ավելի մեծ թափ հավաքել, քանի որ փաստացի Ադրբեջանում չկա նորմալ ընդդիմություն, որը կարող է համախմբել ժողովրդին, կառուցողական քայլեր կատարել, իսկ համախմբող գործոն շարունակում է այնտեղ լինել հենց իսլամը:

 

Հուլիսի 3-ին մահափորձ իրականացվեց Ադրբեջանի Գյանջա քաղաքի ղեկավար Էլմար Վելիեւի դեմ: Դա խանդավառություն առաջացրեց քաղաքում: Թեպետ մահափորձի հեղինակը Յունի Սաֆարովը ձերբակալվեց, սակայն, խանդավառությունն այնքան աճեց, որ մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն մահափորձն իրականացնողի:

Հուլիսի 10-ին արդեն ոստիկանության եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցան բախումներ, որի ժամանակ զովեց երկու բարձրաստիճան ոստիկան: Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան նկատում է, որ սա մի շարք հարցեր է առաջացնում, քանի որ ի սկզբանե ցուցարարները բախումների որեւէ նպատակ չեն ունեցել եւ հասկանալի չէ, թե ի՞նչու եւ ինչպե՞ս են բարձրաստիճան ոստիկանները առանց զրահաբաճկոնի հայտնվեց ամբոխի մեջ:

«Այսինքն՝ հասկանալի չի ոստիկանների սպանության հանգամանքները եւ, առհասարակ, 200 հոգանոց բողոքի ցույցին նման կոշտ արձագանքն ու ցրելը»:

Ադրբեջանական իշխանությունները նախ տարածեցին, թե տեղի ունեցածը կենցաղային հողի վրա քրեական արարք էր, ապա, երբ մարդիկ խանդավառված դուրս եկան փողոց եւ իշխանությունները կոշտ ուժով կասեցրին ու ցրեցին մարդկանց, հայտարարվեց, թե այդ ամենը կրոնական ենթատեքստ ունի, իսկ իշխանությունների գործողություններն էլ ուղղված էին կրոնական արմատականության դեմ: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ փողոց դուրս եկածների մի մասը կամ ամբողջը իսլամ արմատականներ են, սակայն, չի կարծում, թե ցույցերի ամբողջ պատճառն էր դա:

Անժելա Էլիբեգովան նույնպես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ սոցիալական խռովության խնդիր է, քան կրոնական՝ իսլամական արմատականության դրսեւորում:

«Թեպետ, դա չի նշանակում, որ Ադրբեջանում չկա այդ կրոնական արմատականության խնդիրը: Դա կա եւ բավականին լուրջ է:  Բայց սա, ըստ իս, այդ դեպքը չէ: Ավելի շատ այստեղ իշխանություններն ուղղակի փորձ արեցին շահարկել եւ օգտագործել իսլամական ֆակտորը: Սա միշտ շատ հարմար առիթ է Ալիեւի համար՝ Արեւմուտքի հետ բանակցությունների ժամանակ»:

Երբ Ադրբեջանը ինչ-որ համաձայնագիր պետք է ստորագրի ԵՄ-ի հետ, միշտ այդ երկրում տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ միջադեպ ռադիկալ իսլամիստների հետ կապված: Դա Ալիեւը որպես փաստ շատ հարմար օգտագործում է՝ ազդակ ուղարկելով ԵՄ, թե ինքն է այն երաշխիքը, որ կարող է այս տարածաշրջանում արմատական իսլամիստների դեմն առնել՝ հավելեց փորձագետը: Նրա խոսքով՝ դա Եվրոպայի համար, այսպես ասած, շատ ուտվող մեսիջ է. իրենք հասկանում են, որ կայուն եւ համագործակցող Ադրբեջանը միշտ ավելի լավ է իրենց համար, քան, եթե Իրանի օրինակով իսլամական հեղափոխություն տեղի ունենա երկրում եւ Ալիեւը շատ հարմար ծախում է դա միշտ Եվրոպային, երբ որ բանակցություններ են գնում ինչ-որ համաձայնագրերի շուրջ:

Անժելա Էլիբեգովան հիշեցրեց նաեւ, որ այդ իրադարձությունների հետ կապված չմոռացան նաեւ հայերին, ակնարկեցին իրանական գործոնը՝ հիշատակելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի հեղինակի՝ Իրանում կրթություն ստանալու, ապա՝ Սիրիայում կռվելու հանգամանքը:

«Այսինքն, այստեղ հասարակությանը մատուցվեցին բոլոր այն միֆերը,  որոնք իրենց վախեցնում են եւ իրավիճակն ինքնըստինքյան հանդարտեցնում: Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ հարաբերություններում ինչ-որ դիվիդենտներ քաղելու համար բոլոր վախենալու վտանգները շատ հարմար դասավորվեցին եւ բարձրաձայնվեցին այս դեպում»:

Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանում հասարակական ընդվզումները չեն կարող ծավալվել ավելին, քանի որ այս փուլում չի տեսնում իրավիճակ, որ Ալիեւը չկարողանա վերահսկել: Նույն կարծիքին է նաեւ փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Փորձագետները նկատեցին, որ կա սոցիալական դժգոհության բարձր մակարդակ, սակայն, կա նաեւ վախի մթնոլորտ, որն էլ ավելի բարձր է: Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ չի լինի նորից ինչ-որ խումբ, որ համարձակվի դուրս գալ փողոց: Տարոն Հովհաննիսյանը, սակայն, չբացառեց, որ նույն իսլամ դավանողները կարող են ավելի մեծ թափ հավաքել, քանի որ փաստացի Ադրբեջանում չկա նորմալ ընդդիմություն, որը կարող է համախմբել ժողովրդին, կառուցողական քայլեր կատարել, իսկ համախմբող գործոն շարունակում է այնտեղ լինել հենց իսլամը:

Back to top button