Տնտեսական

Ներդրումների թվեր ու ակնկալիքներ՝ պետական կառույցից, կասկածներ՝ տնտեսագետներից


Ներդրումների ներգրավմամբ և արտահանման խթանմամբ զբաղվող «Բիզնես Արմենիա»-ն` հիմնադրամը, որը մի քանի ամիս առաջ կոչվում էր Հայաստանի զարգացման հիմնադրամ, այս տարի 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում Հայաստանում:

Սակայն այս ակնկալիքներին ու հիմնադրամի նախորդ տարվա ցուցանիշերին տնտեսագետ Բաբկեն Թունյանը վերապահումով է մոտենում. հարցեր ունի, որոնց պատասխան է փնտրում:

Անցյալ տարվա ընթացքում ներգրավված եւ այս տարի սպասվող ներդրումների մասին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ղեկավար Արմեն Ավակյանի փոխանցած տվյալներին  տնտեսագետ Բաբկեն Թունյանը վերապահումով է մոտենում: Վերջինս  սոցցանցի իր էջում մեկնաբանություն էր հրապարակել՝ «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ ստացված ներդրումների առնչությամբ պարզաբանում ակնկալելով։ Թունյանին զարմացրել էր հատկապես Ավակյանի ձեւակերպումը, թե ներդրումների մասին տվյալները կոնֆիդենցիալ են` գաղտնի:

Պարզաբանումն էլ չուշացավ: Ֆեյսբուքյան ասուլիս հրավիրվեց: Ավակյանը թվարկեց ներդրող ընկերությունների անուններն ու ներդրման ոլորտները: Վերահաստատեց իր նշած ներդրումների չափը:

«2017 թվականին իրականացված ներդրումները ընդհանուր 15 մլն 525 հազար դոլար է: 2018-ին արդեն ունենք 15.2 մլն դոլարի ակնկալվող ներդրումներ, նաեւ 20.2 մլն դոլար ներդրման ուղղութամբ դեռ աշխատում ենք»:

Ոսկերչություն, թեթեւ արդյունաբերություն, սննդի վերամշակում, արծաթագործություն, թղթի վերամշակում, նաեւ` ռազմարդյունաբերություն` ներդրումների համար գրավիչ ոլորտները թվարկեց «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ղեկավարը: Միայն վերջին ոլորտում ներդրողի անունը չհնչեց հասկանալի պատճառով. սա իսկապես գաղտնի է: Մյուս ներդրող կազմակերպությունների հետ, մանրամասնեց Ավակյանը, հերթով խոսել է հեռախոսով, ստացել իրենց անունը հրապարակելու համաձայնություն: Բիզնես Արմենիայի վերափոխված Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարը նաեւ իրենց աշխատանքների թափանցիկությունից խոսեց: Վստահեցրեց` ԱԱԾ-ից հյուրեր ընդունելուն դեմ չեն:

«Մեզ մոտ` որպես բյուջետային կառույցի, այս պահին ստուգումներ են: Նաեւ անցյալ տարի են ստուգել, նախանցյալ տարի: Մենք բաց ենք, թափանցիկ, պատրաստ ենք տրամադրել բոլոր փաստաթղթերը: Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, եթե կուզանա գալ մեզ հյուր, ես իրենց սուրճ կհուրասիրեմ»:

Սպառի՞չ էին արդյոք Ավակիանի հիմնավորումները ներգրավված ներդրումների մասին` հետադարձ հարց ուղղեցինք Բաբկեն Թունյանին: Ոչ` ասաց տնտեսագետը, ավելին՝ հարցերը բազմապատկվեցին։

Հարցըը բյուջետային կառույցի մասին է, ուստի ցանկանում է հասկանալ` իրե՞նք են գտել այդ ընկերություններին, ռազմարդյունաբերությանն առնչվող ինչ ինֆորմացիա է, որ հասանելի է այս հիմնադրամին, արդյոք արդարացված են հիմնադրամին ուղղվող ծախսերը:

Լրագրող, տնտեսագետ զրուցակիցս ողջունում է, որ պատրաստ են բանակցել, պարզաբանել, միաժամանակ պատրաստվում է գնալ իր հարցերի պատասխանի հետեւից:

Ամեն դեպքում, շնորհակալ եմ, որ պրն Ավակյանը մեկ ժամ շարունակ ֆեյսբուքյան Live-ով հատ-հատ ընթերցեց իմ գրառման տակի մեկնաբանությունները և պատասխանեց դրանց։
Ու շատ ողջունելի է, որ պատրաստակամություն հայտնեց պատասխանել այլ հարցերի, եթե կլինեն։ Ուրեմն շտապեմ ուրախացնել՝ կան բազում հարցեր, որոնք վաղը կամփոփեմ, կհրապարակեմ ու անհամբերությամբ կսպասեմ պատասխաններին։

Back to top button