Տնտեսական

Խոշոր պարտքեր Արմավիրի մարզի  համայնքներին

261 միլիոն  913 հազար դրամ  պարտք միայն  Արմավիրի մարզի համայնքային բյուջե մուտքագրվող գույքահարկի և հողի հարկի գծով: Պարտքատերերը ոչ թե մեկ կամ 2 չափաբաժին ունեցող գյուղացիներն  են, այլ խոշոր հողեր ունեցողները:  Տարիների կուտակած պարտքը համայնքապետերը որոշել են գանձել օրենքով սահմանված կարգով, դատական եղանակով:

Մինչև առաջին  կիսմյակի ամփոփումը Արմավիրի մարզում փորձում են պարզել համայնքային բյուջեի կատարողականն ինչ մակարդակի վրա է և ինչ պարտքեր կան կուտակված: Այս հարցերը քննարկվել են նաև Արմավիրի  մարզխորհրդի հերթական նիստում, որն առաջին անգամ  վարել է նորանշանակ  մարզպետ Գագիկ Միրիջանյանը:  Մի շարք համայնքներում բյուջեի կատարողականը գերազանցում է 100 տոկոսը, մի մասում՝ 50 տոկոսից ցածր է:


Մարզպետարանի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական  զարգացման վարչության  պետ Վարազդատ Մկրտչյանն առանձնացրել էր   հողի հարկի և գույքահարկի գծով խոշոր պարտքեր ունեցող համայնքների ցանկը՝ ըստ պարտքատերերի թվի:  Ընդհանուր պարտքը  գրեթե 262 միլիոն դրամի է հասնում:

Պարտքացուցակը թվարկելի է և  ճիշտ նման  գյուղական խանութների այն պարտքատետրերին, որոնք մաշվել ու քրքրվել են թերթելուց ու նոր պարտքեր գրանցելուց: Հողի ու գույքահարկի պարտքերն էլ են հին: Նալբանդյան գյուղում 12 միլիոնը գերազանցող պարտքատերերը ընդամենը 2-ն են՝,,Խաղողապտղագինեգործության գիտահետազոտական կենտրոն,, ՊՈԱԿն ու  մեկ սիրիացի հողատեր:


Նալբանդյանի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ գիտահետազոտական կենտրոնից վճարները փորձել են գանձել դատական կարգով, բայց ԴԱՀԿ-ն 2015 թվականից չի կատարում իր պարտավորությունը:


Նալբանդյան համայնքում  մոտ 70 հա-ի հասնող տարածքը 1959թվականից եղել է  որպես փորձադաշտ, որը տարիների ընթացքում իրավական տարբեր ձևակերպումներ է ստացել, իսկ 2004 թվականից գրանցվել, որպես ,,խաղողապտղագինեգործության  գիտահետազոտական կենտրոն,,  ՊՈԱԿ, որին անհատույց օգտագործման իրավունքով  111.43 հա հողատարածք տրվել է Արմավիրի մարզի Մերձավան գյուղի հողերից, 66.15 հա՝ էլ՝ Նալբանդյան գյուղի հողերից:

Գիտահետազոտական կենտրոնի գործունեությունը խաղողի և պտղի սելեկցիոն արժեքավոր սորտերի տնկանյութի աճեցումն է , ագրոտեխնիկական նորագույն տեխնոլոգիաների մշակումը, գինիների ու կոնյակների նոր  տեսակների ստացումը և այլն:  Պարտքերի գանձման հետ կապված Արմավիրի մարզպետը նշեց, որ գանձելու են օրենքի բոլոր կետերի պահանջներով, չի բացառվում նաև բարոյական հարթության վրա՝ անձնական զրույցների միջոցով:


Նալբանդյան համայնքում հողի մյուս խոշոր սեփականատերը Սիրիայից է: Նա ունի շուրջ 20 հա հող և մոտ 1 մլն դրամի պարտք: Հողերի սեփականատերը Հայաստանում չէ, հողերն էլ անմշակ են:

Համայնքների ղեկավարները պարտքերը  գանձելու են  օրենքի սահմաններում:

Ցուցադրել ավելի
Back to top button