Հասարակություն

Սերո Խանզադյանի տուն-թանգարանը՝ «Ժայռերի քաղաքում»

«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում «ժայռերի քաղաքում» օրերս բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, ինչպես նաև թանգարանի տարածքում գտնվող գրադարան-սրճարանը:

Գորիսի համար սա մեծ նվեր էր, որովհետև Բակունցի ու Խանզադյանի քաղաքում առ այսօր գրականությունն իր բարձրության վրա է, իսկ գրականության շուրջ  քննարկումները՝ ոչ հազվադեպ երևույթ:

Ալիսա Գևորգյանը ձեզ կփորձի համոզել դրանում, որովհետև հենց նա է հետևել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք դարձած Գորիսում տեղի ունեցած վերջին օրերի մշակութային իրադարձություններին:

 

Հայաստանի՝ կարմիր կտուրների ու ժայռերի քաղաքը՝ Գորիսը,  2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն է, ինչը նշանավորվում է ոչ միայն գորիսեցիների անսահման հպարտությամբ, այլև տարաբնույթ միջոցառումներով, իրադարձություններով:


«Գորիս 2018-ի» շրջանակում օրերս այստեղ բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը: Բակունց ու Խանզադյան տված քաղաքում սա գրականության իսկական տոն էր: Զրուցակիցս Հայաստանի գրողների միության Սյունիքի բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Լևոն Սահակյանն է:


Ինչպիսի գրականություն է ստեղծում սյունեցին, հարցիս բանաստեղծ Սահակյանը պատասխանում է՝ ուժեղ, ուժ տվող, որովհետև թույլերին աշխարհը  չի սիրում:


«Հայ լինելը բարձր կոչում է»,-ասում է զրուցակիցս:


«Ինչին որ նայելու լինես, սյունեցու աչքով կնայես». Սերո Խանզադյանի այս խոսքերը հաճախ է հիշում զրուցակիցս: Գրողից հիշողություններ ունի նաև տեղացի գրականագետ Խաչատուր Հայրապետյանը:


Գրականագետի համար Խանզադյանը հավաքական կերպար է. մարդ, ով ամբողջ կյանքն ապրել է որպես հայ, որպես գորիսեցի ու իր գրականությամբ, գոնե ամբողջ խորհրդային տարածքում, ճանաչելի դարձրել Հայաստանը, Գորիսը: Թանգարանի հետագա գործունեության մասին նա ունի իր պատկերացումը:


Գրականության, մշակույթի շուրջ զրույցներն այս քաղաքում դեռ արդիական են: Սերո Խանզադյանի թանգարանի հետ միասին գրականասեր գորիսեցիները «նվեր ստացան» նաև նույն տարածքում բացված գրադարան-սրճարանը:


Կգան, կնստեն այստեղ ու  մի բաժակ սուրճի շուրջ կքննարկեն այսօր ստեղծվող գրականությունը, կոգևորվեն երիտասարդ, խոստումնալից գրողներով, որոնց մեջ անպայման փնտրելու են Սյունիքի նոր բակունցներին ու խանզադյաններին, հետո էլ գուցե մի քիչ կտխրեն՝ մտածելով, թե կարդացողն ով է:


Սյունեցի զրուցակիցներս ցավով նկատեցին. ժամանակակից աշխարհում գրի, գրականության հանդեպ պահանջարկը շարունակում է իր վայրէջը: Թռիչքների,  ժայռերի,  կարմիր կտուրների ու գրողների  քաղաքում սա ծանր են տանում:

Ցուցադրել ավելի
Back to top button