ԿարևորՔաղաքական

Նոր քաղաքապետի ընտրության սցենարը

Երեկ երեկոյան հրաժարականի մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երեւանում ՏԻՄ մասին օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո «Ավագանու սահմանած ժամկետում, սակայն, ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով»:

Այսինքն, Երեւանի ավագանին պետք է քաղաքապետի ընտրության օր սահմանի ու առնվազն մինչեւ օգոստոսի 8-ը անցկացնի քաղաքապետի ընտրություններ: Խմբակցություններն ունեն թեկնածուներ առաջադրելու իրավունք:

«Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ Երեւանի ավագանու խմբակցությունների մոտեցումները քաղաքապետի ընտրության վերաբերյալ:

 

 

Գործող օրենսդրության համաձայն՝ երեք օրվա ընթացքում պետք է Երեւանի  ավագանու նիստում ներկայացվի քաղաքապետի հրաժարականը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից 3 օր հետո, ՏԻՄ օրենքով, ավագանին արտահերթ նիստ պետք է գումարի՝ որոշելու քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Եթե քաղաքապետի արտահերթ ընտրությունների համար նշանակված նիստի օրը թեկնածուներից որևէ մեկը չի ընտրվում որպես քաղաքապետ, չի ստանում ավագանու բավարար ձայները, ապա կառավարության որոշմամբ ավագանու լիազորությունների ժամկետը կկրճատվի եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն:

Ինչպիսի՞ սցենարով տեղի կունենա նոր քաղաքապետի ընտրությունը. Երեւանի ավագանու խմբակցություններում հարցի վերաբերյալ քննարկումներ դեռեւս չկան: Համենայնդեպս այսպես են վստահեցնում մեր զրուցակիցները: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց.

«Այս պահին «Ելք» դաշինքում կան քննարկումներ միայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքում ձեւաչափի վերաբերյալ, թե ինչ մասնակցության ձեւաչափ պետք է լինի: Երեւանի ավագանու վերաբերյալ «Ելք» դաշինքում քննարկումներ չկան»:

Մամուլում Երեւանի նոր քաղաքապետի ընտրության տարբեր սցենարների մասին խոսվել է: Դրանցից մեկի համաձայն չի բացառվում, որ որպես միջանկյալ լուծում, Հանրապետական խմբակցության կազմից առաջադրվի նոր թեկնածու: Անուն նույնպես նշվել է՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյան: Նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներից Աննա Ասատրյանն էլ մեզ փոխանցեց միայն հետեւյալը.

«Ոչ մի քննարկում չի եղել»:

Այլ հարցերի էլ  Աննա Ասատրյանը չցանկացավ անդրադառնալ. եթե կարելի է, ձեռնպահ մնամ հեռախոսով հարցազրույց տալուց՝  ասաց: Նույնպիսի արձագանք ստացա նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցությունից: Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը տեղեկացրեց միայն, որ առաջիկայում մամուլի ասուլիս են հրավիրելու, որի ժամանակ էլ բոլոր հարցերն կպատասխանեն:

«Ելք» խմբակցությունից Անի Սամսոնյանը մեզ հետ զրույցում այսօր նաեւ նշեց, թե չի կարող ասել՝ երբ «Ելք» դաշինքում կանցկացվեն Երեւանի նոր քաղաքապետի ընտրության հարցով քննարկումները: Ավագանու բոլոր 3 խմբակցություններն ունեն քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունք:  Հարցին, թե «Ելք»-ը առաջադրելո՞ւ է քաղաքապետի թեկնածու, Անի Սամսոնյանն այսպես պատասխանեց.

«Եթե նիստից հետո մեկամսյա ժամկետում լինեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ եւ խմբակցություններն օգտվեն իրենց՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունքից, այո՛, ես կարծում եմ, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը նույնպես կառաջադրի թեկնածու»:

Թե «Ելք»-ի համար նոր քաղաքապետ ընտրելու ո՞ր տարբերակն է առավել ընդունելի՝ արտահերթ ընտրությունների՞, թե՞  ավագանու գործող կազմով քաղաքապետի ընտրություն կազմակերպելը՝ «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասաց, թե՝ դա քննարկելի հարց է:

Եթե Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների սցենարը գործի, ապա՝ ընտրությունները տեղի կունենան այս տարվա սեպտեմբերին: Երեւանի ավագանու խմբակցությունները քննարկելու են նաեւ արտահերթ ընտրությունների նպատակահարմարության հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button