Ինչ են քննարկելու ԱԳ նախարարները Բրյուսելում


Վաղը մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը:
Մինչ երկու երկրների ԱԳՆ-ները հայտարարություններ են արել, որոշ եզրահանգումներ են անում հայաստանցի ու արցախցի քաղաքագետները: Կարծիքները տարբեր են:
Վաղը Բրյուսելում նախատեսված է Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը: Մինչև հանդիպումը երկու երկրների արտգործնախարարները խոսել են իրենց ակնկալիքների մասին: Զոհրաբ Մնացականյանի համար հանդիպումը կարևոր է բանակցային գործընթացի դինամիկան պահելու առումով:
Հայաստանի արտգործնախարարը լավատեսորեն է տրամադրված, նա երկու կարևոր հարց է առանցնացնում՝ Արցախի կարգավիճակ ու անվտանգության ապահովում:
Մամեդյարովը հանդիպումից առաջ ընդգծել է, որ «ուշադրությամբ և զսպվածությամբ» է հետևել Հայաստանի քաղաքական գործընթացներին, ակնկալում է ողջամիտ մոտեցում ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում:
ԼՂ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանին երկու երկրների ԱԳՆ-ների հայտարարությունները լավատեսության հիմք են տվել.
«ԱՄՆ մոտեցումն ու երկու երկրների ԱԳՆ—ների հայտարարությունները թույլ են տալիս հուսալ, որ Բրյուսելում փորձելու են վերականգնել բանակցային գործընթացը: Այսինքն կտրվի մեկնարկը»:
Քաղաքագետ Թևան Պողոսյանը, սակայն, Մամեդյարովի հայտարարությունից եզրակացրել է, որ հանդիպումից որևէ լուրջ ակիկալիք դժվար է ունենալ:
Հայաստանը բնականաբար բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման պահանջով է ներկայանալու, ինչը, ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի, հուշում է, որ հանդիպումը թեժ մթնոլորտում է ընթանալու:
Ամեն դեպքում առաջին հանդիպումը կլինի ծանոթացում-հանդիպում՝ ըստ Դավիթ Բաբայանի, ինչի հիմքում խաղաղության ու կայության պահպանումն է: Բրյուսելում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Թևան Պողոսյանի խոսքով, լավ հնարավորություն է ստեղծում արցախյան հիմնահարցի ներկայացման ու Արցախին բանակցություններում ներգրավելու կարևորության մասին աշխարհին բացատրելու առումով: