Հասարակություն

Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրենին

Հուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ հրեական կոմիտեի միջկրոնական գործերի բաժնի տնօրեն, Իսրայելի գլխավոր ռաբբինաթի խորհրդական ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և ԱՄՆ հայկական միության նախագահ Էնթոնի Պարսամյանի:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրին, կարևորել է վերջինիս այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը պիտի նպաստի երկու ժողովուրդների հարաբերությունների առավել սերտացմանն և փոխգործակցության զարգացմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Իսրայելի գլխավոր ռաբբինաթի հետ եղբայրական հարաբերությունները ունեն հարուստ պատմություն և սույն հանդիպումը Մայր Աթոռում պատշաճ առիթ է կապերի զարգացման նոր հնարավորություններն ուսումնասիրելու համար։

Նորին Սրբությունն անդրադարձ է կատարել հայ և հրեա ժողովուրդների կապերին, որ գալիս են դեռևս աստվածաշնչյան ժամանակներից, խոսել նաև դեռևս 7-րդ դարում հաստատված Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության մասին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ շեշտել է, որ սփյուռքյան թեմեր իր հովվապետական այցերի ընթացքում բազմիցս ականատես է դարձել հայ և հրեա համայնքների եղբայրական ջերմ հարաբերություններին: Ժողովուրդների միջև բարեկամական կապերի զորացման գործում կարևոր է համարել նաև Հայաստանի հրեական համայնքի դերակատարությունը:

Երկկողմ օրակարգը, Գարեգին Բ Վեհափառի հավաստմամբ, բավականին հարուստ է և ի շարս այլ հարցերի ընդգրկում է Իսրայելի պետության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանին ռազմամթերքի վաճառքի խնդիրները, որոնց Մայր Աթոռը կենսական կարևորություն է տալիս։

Իր հերթին ռաբբի Դեյվիդ Շլոմո Ռոզենը նշել է, որ երկու երկրների հոգևոր առաջնորդների գործակցությունը կարող է լավագույն միջոցը դառնալ երկու ժողովուրդների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում:

Վեհափառ Հայրապետը և ռաբբի Ռոզենը համակարծիք էին, որ երկկողմ օրակարգում առկա բոլոր հարցերը ավելի հեշտ կլինի քննարկել` հարաբերությունների զարգացման, միջկրոնական երկխոսության համար նոր ձևաչափեր ստեղծելու պարագայում։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Back to top button