Հասարակություն

Առերևույթ չարաշահումներ Շիրակի պետական համալսարանում. հարուցվել է քրեական գործ

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ
պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով
գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ
Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Մասնավորապես ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի
Մուշի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նյութերի
նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ
համալսարանի նախկին պրոռեկտոր Ա.Ֆ.-ն, ինչպես նաև Ֆիզիկական
դաստիարակության և տեսության ֆակուլտետի նախկին դեկան Ա. Խ.-ն մի
ուսանողուհու ներառել են հիշյալ ֆակուլտետի մագիստրատուրայի վճարովի
ուսուցման բաժնում՝ նրա փոխարեն անվճար ուսուցման բաժնում ընդգրկելով
կրկնակի ցածր ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցող այլ ուսանողի՝
վերջինիս զորակոչից խուսափելու նպատակով: Իսկ նշված հանցավոր արարքը
քողարկելու նպատակով ուսանողուհուն խոստացել են լուծել մագիստրատուրայի
1-ին կուրսի վարձավճարի վճարման հարցը, ինչը չի կատարվել:

Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ
ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական
վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ
գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած
463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների
ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով և
հանձնարարվել կազմակերպել դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման
աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ
դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է
ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի
բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ:

Նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ
վկայում են նշված բուհի աշխատակիցների կողմից հանցակցությամբ և իրենց
պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով
գումարներ յուրացնելու, ինչպես նաև հանցակցությամբ և պաշտոնեական դիրքն
օգտագործելով խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափով գումար
հափշտակելու մասին: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ նշված փաստերի առթիվ
Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին,
2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով
հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ
քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է
անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով:

Back to top button