Մշակույթ

Համաշխարհային ֆիլմերի ամենահայկական փառատոնը շարունակվում է


Համաշխարհային ֆիլմերի ամենահայկական փառատոնը շարունակվում է:

Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել բուլղարացի կինոգործիչներ, ռեժիսոր, պրոդյուսեր Իլիան Ջեւելեկովը, պրոդյուսերներ Մատեյ Կոնստանտինովը եւ Գեորգի Դիմիտրովը:

Նրանց «Ամենագոն» ֆիլմը փառատոնի ծրագրում է ու թերևս ամենահետաքրքիրներից մեկը՝ ասել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

«Ամենագոնը» խաղարկային մրցութային ֆիլմ է, որն արդեն 2 անգամ ցուցադրվել է «Ոսկե ծիրանի» շրջանակներում:

Երևանն այս օրերին ապրում է «Ոսկե ծիրանով»: Կինոթատրոններում ամեն ժամի փառատոնային մի որևէ ֆիլմ է ցուցադրվում: Փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ խաղարկային և վավերագրական ֆիլմերի: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացվել է 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուրում՝ 5-ական  անդամ: Վավերագրական մրցույթում ներկայացված ֆիլմերից է Մաթյո Բրույարի «Ձգողականության վերաբերյալ» ֆիլմը:

63-ամյա Քրիստիանն ու 71-ամյա Բրյուսն ընկերներ են,  ամեն մեկն  իր հոգսն ունի: Քրիստիանը տառապում է տեսողությունը լրջորեն խաթարող ժառանգական հիվանդությունից, իսկ Բրյուսը ծանր է լսում:  Երկուսին միավորում է միևնույն երազանքը՝ թռչել, հաղթահարել ձգողականության ուժը, ըմբոստանալ մարմնական սահմանափակումների դեմ, նշեց ռեժիսորը:

«Ֆիլմի վերնագիրը երկակի իմաստ ունի: Լինելով ձգողականության ուժի մասին՝ այն միևնույն ժամանակ հերոսների իրավիճակի մասին է: Նկարահանման ժամանակ ես որոշեցի ինքս թռչել պարապլանով և այդպիսով նկարահանել Քրիստիանին թռչելիս, բայց չստացվեց: Ինձ ավելի շատ հետաքրքրում էր ոչ այնքան թռիչքը, որքան թռչելու ցանկությունը»:

Վավերագրական մրցույթին ներկայացված ֆիլմերից է նաև Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղությունը»:  Ֆիլմը  տանում է Ստամբուլի ծերանոց ներից մեկը: Խռպոտ ձայնով մի կին Հայոց ցեղասպանության մասին իր հուշերն է պատմում: Քաղցր խաբկանքով տարված դաշնակահարը  նվագում է  մինչև սիրո խոստովանություն կանի:  Մի կույր լուսանկարիչ էլ սկսում է իր խաղը՝ սեփական խցիկը մեզ ուղղելով: Ֆիլմը ծերանոցի բնակիչների մոռացված վիճակի մասին է :  Ֆիլմի նկարահանումը շարունակվել է մոտ 6 տարի՝  հայտնեց ֆիլմի պրոդյուսեր Դենիզ Բուգան:

«Ֆիլմը որքան ներկայացնում է ծերունիների կյանքը, այնքան էլ անդրադառնում է Ստամբուլի կյանքին»:

Վավերագրական մրցույթի մյուս ֆիլմը՝ «Որդին»,  բանակի մասին է: Զորակոչվելով ռուսական բանակ՝ 21-ամյա Դիման սպանվեց Դաղստանում տեղի ունեցող ռազմական գործողության ժամանակ:

Մինչ բանակը շարունակում է երիտասարդ զինվորներին  վարժեցնել առաջիկա առաքելությունների համար, Դիմայի ծնողները որդու մահից հետո հայտնվում են դատարկության մեջ:  Երկու աշխարհներ միահյուսվում են՝ ներկայացնելով Դիմայի կյանքն ու դրա ողբերգական ավարտը, նշեց ռեժիսոր Ակեքսանդր Աբատուրովը:

«Իրականում բարդ էր ֆիլմը ներկայացնելը, քանի որ հիմքում  իրական դեպք է: Ֆիլմն ունի համամարդկային ուղերձ: Այն բանակային կյանքին է վերաբերվում, այն բոլոր կոնֆլիկտներին, որոնց կարող է առնչվել ծառայության մեջ գտնվող  յուրաքանչյուր երիտասարդ»:

Վավերագրականից բացի փառատոնում մրցութային են նաև խաղարկային ֆիլմերը: Դրանցից մեկը ու թերևս ամենահետաքրքիրը բուլղարական «Ամենագոն» ֆիլմն է, նկատում է «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Գրող և գովազդային գործակալության ղեկավար Էմիլը աստիճանաբար վերածվում է մոլագարի՝ լրտեսող տեսախցիկների օգնությամբ հետևելով իր ընտանիքի անդամներին, ընկերներին և աշխատողներին: Անմեղ ժամանցն ավարտվում է աղետով:

Ֆիլմի ռեժիսոր Իլիան Ջեւելեկովը նշում է. այնպիսի ֆիլմ են նկարել, որ հետաքրքրի ոչ միայն տեղական լսարանին, այլև բոլորին:

Back to top button