Հասարակություն

Որքան կտեւի Մայր Աթոռում սկիզբ առած լարվածությունը

«Նոր Հայասատան, նոր Հայրապետ» շարժման անդամները նախորդ շաբաթ մուտք գործեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան շենք եւ հայտարարեցին, որ մնալու են այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ չկատարվի իրենց պահանջը: Իսկ պահանջը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականն է:

Կրոնագետ Վարդան Խաչատրյանն այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է, որ հանդիպել է շարժման մասնակիցների հետ, եւ նրանցից ոչ բոլորն են պնդում Կաթողիկոսի անվերապահ հրաժարականը: Նախաձեռնության անդամներից շատերը եկեղեցու բարեփոխման կողմնակից են:

Կլինի արդյո՞ք հանգուցալուծում ստեղծված իրավիճակում. ըստ Խաչատրյանի՝  այո:

 

«Նոր Հայասատան, նոր Հայրապետ» շարժման անդամներ վրաններ են տեղադրել Մայր Աթոռի տարածքում, ազատ տեղաշարժվում են Դիվանատան շենքում՝ ոստիկանների ներկայությամբ, ուղիղ հեռարձակումներ կազմակերպում՝ ծանոթացնելով Վեհարանի տարածքի սենյակներին: Երեկ անգամ համացանցում տարածվեց նախաձեռնության անդամների՝  հաց ուտելու կադրերը, որը բորբոքեց շատ հավատացյալների զարյույթը: Օգտատեր Արաքս Պողոսյանի գնահատմամբ՝  Վեհարանի տարածքը վեր է ածվել ժամանցի վայրի, որտեղ խորոված, ապխտած երշիկ են ուտում  և ծխում՝ ասելով թե սրբորեն հետևում են Վեհարանի տարածքին:

«Մենք էլ ազգովի մեր ամենօրյա նիստն ու կացն ենք շարունակում, ասես Մայր Աթոռին ուղղված էս անարգանքը ո՛չ մեզ է վերաբերվում, ո՛չ իրավապահներին, ո՛չ երկրի իշխանությանն ընդհանրապես: Էս «բեզպրեդելին» նայելով՝ հասկանում եմ արդեն, թե բոլշևիկյան հեղափոխության արդյունքում ազգի զավակների ձեռքով ոնց սպանվեցին, աքսորվեցին հոգևորականներ և ավերվեցին եկեղեցիներ»:

Նախաձեռնության անդամներից Կարեն Պետրոսյանը պատասխանում է մեղադրանքներին՝ շեշտելով, որ հոգեւորակնները լքել են Վեհարանի տարածքը՝ իրենց հսկողության տակ թողնելով համակարգիչները, փաստաթղթերը եւ մյուս իրերը, որոնք նախաձեռնության անդամները պահպանում են:

«Մեր համար լրացուցիչ պատասխանատվություն է, որ տեր ենք կանգնում մեր եկեղեցու ունեցվածքին եւ ոստիկանության աշխատակիցներից ոչ պակաս հետեւում տարածքի ունեցվածքին եւ գույքին: Որոշ սարկավագներ մուտք ու ելք են անում, ու մենք  հարց ենք տվել, անգամ Կաթողիկոսի գավազանակրին՝ մենք ձեզ խանգարում ենք, ասել  է՝ ոչ»:

Կրոնագետ Վարդան Խաչատարյանը հանդիպել է նախաձեռնության անդամների հետ: Ասում է, որ նրանցից  ոչ բոլորն են անվերապահ պահանջում կաթողիկոսի հրաժարականը, շատերը պնդում են, որ անհարժեշտ է հոգեւոր վերածնունդ: Վարդան Խաչատարյանը կարծում է, որ այս կնճիռը, որն եւնի երկու կողմ, պետք է արագ հարթվի:

«Մի կողմից՝ պետք է հարթել, նպաստել վերելքին, հոգևոր կյանքի վերափոխմանը, 2-րդ՝ պետք է այնպես անել, որ խայտառակություն չլինի, ինչը կարող է համերաշխության խաթարման բերել: Մենք լավ պետք է պատկերացնենք, որ ՀՀ-ն ավելի սեղմ սահմաններ ունի, քան Հայ Առաքելական եկեղեցին: Եկեղեցու տարանջատումը խորը հիասթափություն կառաջացնի, ինչը երկրի ապագայի համար վատ է, մենք դրա իրավունքը չունենք, պետք է լուծել խնդիրն այլ տարբերակով»:

Այսօր շատ հոգեւորակններ,  թեմերի առաջոնրդներ դիմում են իշխանությանը՝ խնդրին լուծում տալու համար: Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն տարակուսում է, ասում, որ իրենց համար անհասկանալի է,  թե  ինչու իրավապահ մարմինները ցուցարարներին չեն հեռացնում Վեհարանի տարածքից, երբ  առաջին իսկ օրն այդ հարցով Մայր Աթոռը դիմել է ոստիկանություն: Տեր Ասողիկն այսօր անդարադարձել է նաւե Մայր Աթոռում շաբաթ օրը երկրպագության ներկայացրած Աստվածամուխ Գեղարդին, որն, ըստ նախաձեռնության անդամների, իսկականը չէր:

«Ասում են, որ Գեղարդի վրա եղել է 4 կնիք: Սուտ է, ի սկզբանե եղել է 2 կնիք»:

Կրոնագետ Վարդան Խաչատրյանն այս շարժումը չի դիտարկում քաղաքական զարգացումների լույսի ներքո. եկեղեցին քաղաքական անցուդարձից պետք է զերծ լինի՝ ասում է: «Մենք պետականություն չենք ունեցել, բայց եկեղեցի ենք ունեցել, եթե քաղաքական լիներ, ապա պետականության հետ եկեղեցին էլ չէր լինելու»,- հավելում է Խաչատրյանը:

Իսկ որքան են «Նոր Հայասատն, Նոր Վեհափառ» նախաձեռնության մասնակիցները պատրաստվում մնալ Դիվանատանը: Կարեն Պետրոսյանը վստահեցնում է, որ ոչ երկար, քանի որ Կաթողիկոսի հրաժարականը ժամերի, օրերի խնդիր է:

Ի դեպ, այսօր քննարկման նյութ է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի համատեղ ներկայությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը: Վարչապետի մասնակցությունն,  ըստ մամուլի ու  համացանցի օգտատերերից շատերի գնահատման,  կարևոր ուղերձ է  եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների ֆոնին:

Back to top button