ՀասարակությունՏնտեսական

Ներդրումներից տանգոյի փառատոն. հայ-արգենտինական հարաբերությունների նոր փուլը

Արգենտինայի անկախության օրվա առիթով Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այսօր խոսել է հայաստանյան  թավշյա հեղափոխության ու արգենտինահայերի սպասելիքների մասին:

Վստահեցրել է՝ հայ–արգենտինական հարաբերությունները ակտիվորեն զարգանում են,  կա  տնտեսական գործակցության ակտիվացման ու ներդրումների  ավելացման ակնկալիք:

Արգենտինյան ներդրումները Հայաստանում շատ չեն, բայց դրանցից մեկն ամենատեսանելին է Հայաստան այցելող յուրաքանչյուրի համար: Զվարթնոց օդանավակայանի կառավարումը ստանձնած արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի ամենախոշոտ ներդրողներից է:

Ներդումներ են արվել նաև գինեգործության ոլորտում: Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հիշատակում է նաև նոր նախագծերի մասին:

«Արդեն իսկ գոյություն ունեցող ներդրումների կողքին կան նոր ծրագրեր, ինչպես, օրինակ, գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից ՀՀ ԱԳՆ նախկին շենքում բիզնես կենտրոնի կառուցման նախագիծն է։ Ներդրումների մեկ այլ ուղղություն արգենտինահայերի կողմից Տավուշում ջերմոցների ներդրումներն են, գրեթե 120 ջերմոցներ են այնտեղ արդեն կառուցվել»։

Հայ-արգենտինական երկկողմ առեւտրաշրջանառությունը զրոյական ցուցանիշից 20 տարվա ընթացքում հասել է 8 մլն դոլարի։ Առեւտրի ոլորտում երկու երկրները, դեսպանի խոսքով, բախվում են դժվարությունների, քանի որ աշխարհագրորեն հեռու են,  Հայաստանը դեպի ծով ելք չունի և դա հաշվի առնելով՝ շեշտը դրվում է ավելի հեշտ արտահանվող ապրանքների վրա՝ ոչ մեծ գյուղատնտեսական ապրանքներ, աուդիո սարքավորումներ: Արգենտինայում հետաքրքրված են նաև հայկական գինիներով ու  ՏՏ ոլորտով՝ ասում է դեսպանը:

Նա հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ներդրումները կավելանան:

Փոխգործակցությունը խորացնելու համար, դեսպանի կարծիքով, կան նպաստավոր պայմաններ:

«Այն, ինչ կատարվեց Հայաստանում, հասարակական, հանրային, տնտեսական, քաղաքական պահանջի արտահայտումն էր, որը բավականին վիրտուոզ կերպով իրականացվեց, որովհետև  ամեն ինչ կատարվեց խաղաղ ցույցերի միջոցով։ Յուրաքանչյուր փոփոխություն իր հետ սպասելիքներ է բերում եւ այդ փոփոխությունները, այդ սպասումները ազդեցություն են ունենալու այն արգենտինացիների վրա, որոնք հայկական ծագում ունեն, այսինքն արգենտինահայերի վրա»։

Մինչ արգենտինյան նոր ներդրումները տեղ կհասնեն,  այս տարվա սեպտեմբերին մայրաքաղաք Երևանը կապրի արգենտինյան տանգոյի ռիթմերի ներքո: Մայրաքաղաքում կազմակերպվելիք փառատոնի շրջանակում պարուսույցները երևանցիներին կսովորեցնեն արգենտինյան տոնգո պարել:

Back to top button