ԿարևորՄշակույթ

Ոչ միայն փառատոն, այլ՝ կինոյի տոն


Մեկնարկել է համաշխարհային ֆիլմերի ամենահայկական փառատոնը: «Ոսկե ծիրանի» համար տարին հոբելյանական է, փառատոնն արդեն 15 տարեկան է:

Այս անգամ այն մեկնարկել է Ռոբեր Գետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Հոբելյանական փառատոնի պատվավոր հյուրերն են կինոռեժիսորներ Դարեն Արոնոֆսկին, Ջանֆրանկո Ռոզին, Ուլրիխ Զայդլը և Շոն Բեյքերը: Հետահայաց ցուցադրություններն այս տարի ընդգրկում են համաշխարհային ճանաչում ունեցող կինոռեժիսորներ Դարոն Արոնոֆսկու և Ջանֆրանկո Ռոզիի ֆիլմերի ընտրանին։

Հարգանքի տուրք կմատուցվի Ներսես Հովհաննիսյանին, Ալբերտ Մկրտչյանին և Արա Վահունուն 80 ամյա հոբելյանների կապակցությամբ։ Փառատոնի ավանդույթի համաձայն՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր տեղադրվել են նրանց պատվո աստղերը։

Երևանն այս օրերին ապրում է «Ոսկե ծիրանով»: Փառատոնն արդեն 15 տարեկան է և կինոսիրահարներին խոստանում է հոբելյանական շքեղ ծրագիր: «Հայկական համայնապատկեր» ծրագրում այս տարի ընդգրկված  26 ֆիլմերում կան ինչպես դիմանկարներ, փաստագրական և  վավերագրական ժապավեններ, այնպես էլ կարճամետրաժ և խաղարկային ֆիլմեր:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց «հայկական համայնապատկեր» ծրագրի համակարգող, կինոգետ, բանասեր Արծվի Բախչինյանը, այս տարվա հայտնությունը թատրոնի և կինոյի ինստիտուտի երեք նորավարտ վավերագրողներն են:

Բավականին խոստումնալից է նաև Աշոտ Ջազոյանի «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմը: Այստեղ հերոսը ոչ այնքան Այվազովսկին է, որքան այն մարդիկ, ովքեր պատմում են նրա մասին, պահպանում են ծովանկարչի ավանդույթները:Ներկայացվում են մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են Թեոդոսիայի Այվազովսկու անվան պատկերասրահի շենքն ու նկարչի գերեզմանը, որը գրեթե ավերված էր, պատմում է ռեժիսորը:

«Այվազովսկու մասին ամեն ինչ հայտնի է, նա 6000 նկար է թողել: Մեր ֆիլմը նրա ստեղծագործական գործունեության մասին չէ: Այն մարդկանց մասին է, ովքեր պահպանում և հետազոտում են նրա գործերը, զարգացնում նրա ավանդույթները Թեոդոսիայում և Ղրիմում»:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Ղրիմում, և բավականին լավ ընդունելության արժանացել: 15-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում է նաև «Պրո Շամիրամ» ֆիլմը, որի ռեժիսոր Մարիամ Օհանյանը խոստովանում է՝ հայկական իրականությունում շատ բարդ է կին ստեղծագործողների համար: Նա փորձել է իր ֆիլմով ասել, որ կինը ոչ միայն տնային տնտեսուհի է, այլև մի անձնավորություն, որը ձգտում է ստեղծագործել: ֆիլմի հերոսուհին Աիդա Սիմոնն է՝ պարուհի, դերասանուհի, պարերի բեմադրիչ, ուսուցիչ և ֆիթնեսի մոդել:

Նա ձեռքից եկող ամեն բան անում է պարզապես ջրի երեսին մնալու համար: Հայկական համայնապատկերից բացի  փառատոնն ունի խաղարկային և վավերագրական միջազգային մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Այս տարի փառատոնը ստացել է ավելի քան 600 հայտ 83 երկրից։​ Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է 110 ֆիլմ: Փառատոնը, բացի հիմնական ծրագրերից, ունենալու է նաև կից ծրագրեր։

Լինելու են ցուցահանդեսներ, որոնք կներկայացնեն փառատոնի անցած պատմությունը՝ 15 տարին: Ամփոփելով դրանք՝  փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը  անգամ չի հավատում, որ  իր խենթ գաղափարն իրականություն դարձավ հենց այն ժամանակ, երբ բոլորը շտապում էին արձանագրել ազգային կինոյի վախճանը:

Փառատոնը ոչ միայն կայացավ, այլև կինոյի տոն պարգևեց մշակութասեր հանրությանն ու ոչ միայն:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button