Սպորտ

Լեգենդների խաղը՝ Երեւանում

Երևանի Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղում կհանդիպեն համաշխարհային ֆուտբոլի լեգենդները, նրանք ֆուտբոլասերներին իսկական տոն են խոստանում։

Հայաստանի մայրաքաղաքում ֆուտբոլի համաշխարհային լեգենդների մասնակցությամբ ընկերական խաղն իսկական տոն կդառնա երկրպագուների համար, Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Կաֆուն։

Խաղին ընդառաջ այսօր լրագրողների հետ են հանդիպել նաեւ Խրիստո Ստոչկովը և Վենսան Կանդելան:

Կաֆուն, խոսելով առաջին անգամ Հայաստան գալու եւ իր տպավորությունների մասին, ասել է.

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ հաճելի է գտնվել այստեղ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա կգտնվեն վաղվա խաղին մեծ բավականություն կստանան: Վաղվա խաղի արդյունքն ամենակարևոր բանը չէ, դեռ չգիտեմ՝ ովքեր են խաղալու, բայց ամենակարևորն այն է, որ ուրախացնենք հայ ազգին ու բոլոր երկրպագուներին: Խաղը կարող է ավարտվել 5:5, 6:6,10:10. դա էական չէ»:

Ստոիչկովն էլ նշել է, որ վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունի.

«Առաջին անգամ չեմ Երևանում, Երևանի մասին միշտ խոսել եմ Ջորկայևֆի հետ: Վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունեմ»:

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան էլ նշել է, որ ցանկանում է ժպիտ պարգևել վաղվա խաղին ներկա բոլոր երկրպագուներին.

«Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Ցանկանում ենք ժպիտ պարգևել վաղը խաղին ներկա գտնվող բոլոր մարդկանց: Մեծ պատիվ է գտնվել այստեղ: Ինչ վերաբերում է վաղվա խաղում գրանցվելիք արդյունքին, ես խաղալու եմ հաղթանակի համար (ծիծաղում է): Ցանկանում եմ՝ վաղը լավ խաղ ցուցադրենք երկրպագուների համար: Կարիերայի ընթացքում խաղացել ենք հաղթելու համար, դրա համար ենք հիմա հասել այստեղ»:

«Վաղը չենք մրցակցելու, խաղալու ենք բոլորիդ համար, տոն ենք փորձելու պարգևել հայ երկրպագուներին»,- նշել է Ստոիչկովը:

Ցուցադրել ավելի
Back to top button