ԿարևորՀասարակություն

Վրացական կողմից վստահեցնում են՝ Վերին Լարսում իրավիճակը շտկվում է

Վերին Լարսում իրավիճակը կարծես հանգուցալուծում է ստանում․ ռուսական կողմը վրացական կողմին հայտնել է, որ արդեն պատրաստ է օրական մոտ 450 բեռնատար սպասարկել։ Այս մասին «Ռադիոլուր»-ին ասել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Արդեն մի քանի օր է վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» հսկիչ անցակետում հարյուրավոր մեքենաներ են կուտակված, ժամերով ու նույնիսկ որոշները օրերով սպասում են իրենց հերթին, մինչդեռ բեռնախցիկներում բեռը փչանում է:

Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհի Վերին Լարսի հսկիչ անցակետը կրկին սահմանափակումներով է աշխատում։ Վրացական կողմը մեղադրում է ռուսական կողմին, որ այս սեզոնին 500 բեռնատարի փոխարեն 24 ժամվա ընթացքում կարողանում է սպասարկել մինչև 200 բեռնատար:

Այս մասին Ռադիոլուրին ասաց Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Խատիա Մոիսծրափիշվիլին։

«Վրացական կողմն այսօր էլ կարող է 500-700 մեքենա սպասարկել, սակայն ռուսական կողմը չի կարողանում դրանց ընդունել՝ պատճառաբանելով, որ այս պահին իրենց համար առաջնահերթ է զբոսաշրջիկներին սպասարկելը»։

Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները տեղում համոզվել են, որ վրացական կողմում խնդիր չկա։ Դեսպանատան մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը կարծում է, որ իրավիճակը լիովին կշտկվի  Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին, երբ զբոսաշրջիկների հոսքը կպակասի։

Իսկ մինչ այդ վարորդները պնդում են, թե կուտակումների պատճառը վրացական կողմում՝ սահմանամերձ Սնո գյուղի մոտակայքում օրերս շահագործման հանձնված կայանատեղին է։

«Իմ մեքենան ծիրանով է բարձված, ավելի լավ կլիներ ես կանգնեի ճանապարհին, որպեսզի շուտ անցնեմ, ծիրանը փչանում է»,-Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է վարորդներից մեկը։

Դեսպանատան մամուլի խոսնակը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ տեղում է համոզվել, որ տերմինալի շահագործումը մայրուղու երկայնքով կուտակված մեքենաներին հնարավորություն է տվել առավել ապահով վայրում կայանել, որտեղ վարորդները հնարավորություն ունեն հանգստանալ և սպասել իրենց հերթին։ Հայրապետյանը հավաստիացնում է, որ մեքենաների սպասարկման հարցում որևէ խտրականություն չկա․

«Վրացական ծրագրի միջոցով ես տեղում հետևեցի, թե ինչպես է ընթանում գործընթացը։ Ծիրանով բարձված մեքենան մտավ (կայանատեղի), երկու ժամ անց հատեց սահմանը։ Ծիրանով և այլ շուտ փչացող մթերքներով բարձված ավտոմեքենաները, հավաստիացնում եմ, մի քանի ժամից ավել չեն սպասում»։

Ռուսաստանը և Վրաստանը միացնող այս ռազմավարական ճանապարհը, որ անցնում է վտանգավոր լեռնանցքով, հաճախ է դառնում նաև բնական աղետների էպիկենտրոն: Ձմռանն այն փակվում է ձնաբքի, իսկ տարվա մյուս եղանակներին հեղեղների ու սողանքների պատճառով:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը վստահեցնում է, որ առնվազն երկու օրվա ընթացքում իրավիճակը լիովին կշտկվի, քանի որ ռուսական կողմն արդեն մի քանի ժամ է կարողանում է ընդունել մինչև 450 բեռնատար։

Back to top button