Բուսաբանական այգին բարեփոխումների կարիք ունի


Բուսաբանական այգին կարիք ունի բարեփոխումների: Այգու հարակից տարածքների բնակիչների ցանկությունն է այգին տեսնել կանաչապատ ու բարեկարգ: Նրանց մտահոգությունների հիման վրա համայնքային զարգացման նորարարական կենտրոնը մշակել է բարեկարգման ծրագիր:
Դրան զուգահեռ էլ այգին բարենորոգելու ծրագիր է մշակում նաև ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը: Ինստիտուտի փոխտնօերն Սահակ Վարդանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում թեև չի ցանկացել բացել դեռևս քննարկվող նախագծի փակագծերը, սակայն ասել է, որ այն չի տարբերվում համայնքային զարգացման նորարարական կենտրոնի ծրագրից:
Ֆինանսական և մարդկային անբավարար ռեսուրսներ, այգին խնամելու անհրաժեշտություն: Սրանք 80 հա տարածք զբաղեցնող Բուսաբանական այգում առկա խնդիրներն են: Հարակից տարածքների բնակիչները Բուսաբանական այգին բարեփոխելու իրենց տեսլականն ունեն:
Նրանցից Զառա Թարխանյանը, ով նաև Բուսաբանական այգու նախկին աշխատակից է, խնդիրներին քաջատեղյակ է, տեսնում է նաև դրանց լուծման ճանապարհները: Օրինակ բերեց Բուսաբանական այգում առկա ջերմատները, որոնք կարելի է օգտագործել ծաղիկների վաճառքի համար:
Այգու նախկին աշխատակիցն առաջարկում է ստեղծել էկո կրթական խմբակներ, այգու հետնամասի մուտքն էլ բացել միայն տեսանկարահանող անցակետ և տեսանկարահանող սարքեր տեղադրելուց հետո: Համայնքային զարգացման նորարական կենտրոնի նախագահ Կարեն Երզնկանյանը հավաքագրել է բնակիչների մտահոգությունները և մշակել բարեփոխումների ծրագիր:
Նպատակն է այգին դարձնել ժամանակակից հանգստի և մշակութային միջոցառումների վայր, բնապահպանական գիտելիքների ուսուցման կենտրոն, ձևավորել առողջ ապրելակերպի միջավայր: Ըստ Կարեն Երզնկանյանի՝ հանրությունն ինքը պետք է մասնակից դառնա այգու բարեփոխման աշխատանքին:
«Մասնավորապես էքսկուրսիաների կազմակերպում, տարբեր միջոցառումների կազմակերպում, նույն կամավորների աշխատանքի կազմակերպում, որովհեետև շատ կարևոր է, որ կամավորը գա ու իմանա, թե ինքն ինչ պետք է անի, որ իր համար հետաքրքիր լինի: Հակառակ դեպքում առաջին անգամ կգա, հաջորդ անգամ չի գա»:
Բուսաբանության ինստիտուտն էլ իր հերթին է նախագծել այգու բարեփոխման ծրագիր, որը, ըստ ինստիտուտի փոխտնօրեն Սահակ Վարդանյանի, մշակման փուլում է:
Ինստիտուտի՝ այգին բարեկարգելու ծրագրում նախատեսվում է կազմակերպել էկո կրթական միջոցառումներ, որտեղ երիտասարդները, բնապահպաններն ու բնության սիրահարները կարող են ստանալ գիտելիքներ, ստեղծել ժամանցի հետաքրքիր վայրեր;
«Բաց համերգասրահ կամ կինոդիտման սրահ, որտեղ մարդիկ կարող են լսել բարձրակարգ երաժշտություն, կարող է երեխաների համար լինել կահավորված խաղահրապարակներ»:
Սրանք ծրագրի մի մասն են, ասում է Սահակ Վարդանյանը: Ամբողջացնելուց հետո ինստիտուտն այն կներկայացնի հանրության քննարկմանը, հետո կառավարության հաստատմանը: