ԿարևորՏնտեսական

Ինչ մեխանիզմով են ներվելու վարկերի տույժ-տուգանքները


Երբվանից է սկսվելու գյուղվարկերը մարել չկարողանալու հետեւանքով ֆիզիկական անձանց տույժերի ու տուգանքների ներումը, ինչը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն է:

Արդյոք հայաստանյան ֆինանսական համակարգը պատրաստ է անցնցում անցնել այս փոփոխությունը, ինչ մեխանիզմով են վերանայվելու բանկերի հանդեպ գյուղացիների ունեցած պարտավորությունները:

Հարցերը տարբեր են, նպատակադրումը` մեկը` առողջացնել բանկային համակարգը` օժանդակելով եւ պետությանը, և՛ վարկառուին, և՛ բանկերին:

Տիկին Նառան վրդովմունքով է խոսում ոսկու գրավով իր վերցրած վարկի մասին: Վարկը սահմանված 6 ամիս ժամկետում մարել չի կարողացել, ֆինանսական կառույցն էլ սկսել է ամեն օրվա համար տույժեր, տուգանքներ հաշվարկել: Ի վերջո` բանկը վաճառել է գրավադրված ոսկին, բայց հարցը դրանով էլ չի լուծվել: Ոսկու արժեքը պարտքը չի ծածկել: Զրուցակիցս փաստացի մնացել է եւ առանց իր գրավադրած ոսկու, եւ  ձնագնդու պես ավելացած պարտքի տակ:

«Տույժ-տուգանքները սարսափելի թվեր են. պետք է նստեմ առանձին հատուկ հաշվեմ: Օրական 0.2 թե 0.3 տոկոս ավելանում էին տույժերն ու տուգանքները: Ավելացան, ավելացան, մի քանի անգամ գերազանցեցին իմ վերցրած գումարը»:

Տիկին Նառային նոր հույսեր է տվել վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունը` օրենսդրական փոփոխությամբ փակուղային վիճակում գտնվող վարկերը սպասարկելի ու կառավարելի դարձնել, ներել կուտակված տույժերն ու տուգանքները: Սա փաստացի համաներում է լինելու` «Ռադիոլուրին» ասում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: Արդյոք մեր ֆինանսական համակարգը պատրաստ է անցնցում տանել այս փոփոխությունը:

Միանշանակ` վստահ է Ատոմ Մարգարյանը` նախաձեռնությունը բնորոշելով երկուստեք ձեռնտու: Կշահի եւ վարկ վերցնողը, որը կքել է տույժ-տուգանքների տակ, եւ վարկ տվողը, քանի որ այս դեպքում գոնե մայր գումարը հետ ստանալու հնարավորություն կլինի:

«Մեծ հաշվով` այդ վրաեկ տույժ ու տուգանքները մեծ գումար չեն կազմում. Գյուղատնտեսական վարկային ներդրումները մոտավորապես 200 մլրդ դրամ են, մի քիչ պակաս, իսկ ժամկետանց տույժ ու տուգանքների ծավալը չի հասնում 20 մլն-ի: Այնպես որ նորմալ է»:

Վարչապետի նախաձեռնածը ռացիոնալ տարբերակ է, իրավիճակային խնդիրներ լուծող, բայց նաեւ` կարճաժամկետ:  Հատկապես գյուղացի վարկառուների ներկա խնդիրների պայմաններում պետք է դրամավարկային, հարկային քաղաքականություն վերանայվի` վարկերն առավել մատչելի դառնան, գուցե եւ անտոկոս` ասում է Ատոմ Մարգարյանը:

Ֆիզիկական անձանց գյուղվարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների խնդիրը լուծելու մեխանիզմը զրուցակիցս հստակ է պատկերացնում:

«Արդեն օրենսդրական փոփոխություններ են առաջարկված, որպեսզի բանկերը վնասեր չկրեն այդ տույժ ու տուգանքները դուրս գերելուց, ըստ էության` զրոյացնելուց: Իսկ գյուղացիական տնտեսությունները, նաեւ սպառողական վարկի դաշտում գտնվող ֆիզիկական անձինք հնարավորություն են ունենում զրոյական տողից սկսել: Բնականաբար, նրանց համար պետք է կազմվի նոր պայմանագիր»:

Կենտրոնական բանկն արձանագրել է` բոլոր բանկերը պատրաստակամ են ներել մինչև 2018-ի հունիսի 1-ը կուտակված գյուղվարկերի տույժ-տուգանքները, ինչից կօգտվի ավելի քան 100 հազար քաղաքացի: Վերջիններս կկարողանան նաեւ մաքրված վարկային պատմությամբ նոր վարկեր վերցնել: Փորձ է արվում նույն գործընթացը նաեւ վարկային կազմակերպությունների վրա տարածել: Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը շեշտում է` նախաձեռնությունն առաջնահերթորեն  գյուղվարկեր վերցրած ֆիզիկական անձանց համար է: Արդյոք նախանշվում են ժամկետեր` երբվանից է սկսվում տույժերի ներումը. Հարություն Բերբերյան

«Ժամկետեր հստակ չկան, բայց քանի որ օրենսդրական նախաձեռնությունը արդեն գործում է, բայց գործընթացը կարելի է սկսված համարել բոլոր այն առեւտրային բանկերի մասով, որոնք հայտարարել են, որ պատրաստ են գործընթացին ու ընդառաջ քայլ են անում»:

Որը պետք է լինի գյուղացու առաջին քայլը` դիմել իր առեւտրային բանկ ու հստակեցնել իր հետագա իրավահարաբերությունները բանկի հետ` ասում է Հարություն Բերբերյանը: Բանկերի ներկայացուցիչները պատրաստ են  անհատապես աշխատել մարկանց հետ` հնարավորությունները գնահատելով վերանայելու վարկի հիմնական գումարի մարման ժամկետերը:

Ցուցադրել ավելի
Back to top button