ԿարևորՏնտեսական

Սա իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք. Փաշինյան

տեղադրված 12.27

լրացված 17.35

Ամուլսարի խնդրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեղում: Երեկ Սյունիքից մեկնարկած  այցելությունն այսօր շարունակվել է Վայոց ձորում: Վարչապետն  ուղղաթիռով  մեկնել է Ջերմուկ, նախ՝ երկնքից դիտարկել  Ամուլսարն ու շրջակա միջավայրը, հետո խնդիրը քննարկել ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների ու տեղի բնակիչների  հետ:

Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենը վարչապետին են ներկայացրել Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։

Քանի որ ջրահավաք ավազանի վերաբերյալ փորձաքննության արդյունքները  չեն համընկել, Փաշինյանն առաջարկել է համատեղ փորձաքննություն իրականացնել, որին կմասնակցի նաև պետությունը:

Ամուլսար  հանքի շահագործման համար  «Լիդիան Արմենիա» ընկերությունն արդեն կատարել է անհրաժեշտ  աշխատանքների 80 տոկոսը,  Ջերմուկում  ընկերության ներկայացուցիչների, բնապահպանների և քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իրավիճակ է, որի  հետ պետք է հաշվի նստենք»: 

Նիկոլ Փաշինյանը խոսեց  հանքի շահագործման հնարավոր վտանգների վերաբերյալ երկու հարցի մասին՝ որքանո՞վ կազդի Ամուլսարի հանքի շահագործումը ջրային ռեսուրսների որակի և  Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային կենտրոնի  զարգացման վրա:

«Հարցերի պատասխանները պետք է ապացուցել փաստերով»:

Բարձրաձայնված հարցերին ջերմուկցի Կորյուն Ստեփանյանն ավելացրեց ևս մեկը՝  անհրաժեշտ է ստուգել  հանքին տրամադրած բոլոր թույլտվությունները;  Այս ստուգումները  կտան  բոլոր հարցերի պատասխանները: Անզեն աչքով տեսանելի է, որ  այս հանքի շահագործումը մահաբեր է՝ ասում է քաղաքացին.

«Կան մարդիկ, վիդիոներ, թե ինչպես է Լիդիանը կոծկում արդեն թունավորված ջրերը:  Եթե ընկերությունը թույլտվությունը ստացել է կոռուպցիոն ճանապարհով , ապա այստեղ  պետությունը  մտածելու հոգ չի ունենա»:

Փաշինյանն էլ  բնակչի մտահոգությանը պատասխանեց՝  կառավարությունը դրանք  չստուգելու որևէ պատճառ չունի:

«Հիմա, եթե այն ինչ դուք ասում եք պարզվի, որ իրականություն է, ես որևէ խոչընդոտ չեմ տեսդնում, որ այդպիսի մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար  Արթուր Գրիգորյանն էլ հավելեց՝ ստեղծվում է փաստահավաք գործունեությամբ զբաղվող  աշխատանքային խումբ: Տեսչական ստուգումները սկսվել են և  դրանք  կտան վարչապետի բարձրաձայնած հարցերի պատասխանները:

«Լիդիան Արմենիա»  ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանն առաջարկեց  հավաքագրել   փորձագետների հնարավորինս հավասարակշիռ խումբ, այլ ոչ թե ներգրավել մարդկանց, որոնք մշտապես դժգոհել են Ամուլսարի նախագծից:

«Ընկերությունը հետաքրքրված է, որ եթե սկսվել է»:

Նիկոլ Փաշինյանն ընկերությանն ու  հանքի շահագործման դեմ բողոքող  քաղաքացիներին առաջարկեց  փաստահավաք խմբին աշխատելու  ժամանակ տալ, սակայն կողմերը համաձայնության չեկան:

«Լիդիան Արմենիա»-ն նշեց, որ այդ ուսումնասիրությունները  երկարաժամկետ են,  առաջարկեց հարցի լուծումը վստահել ազգային անվտագության ծառայությանը:

Քաղաքացիներն էլ  պնդեցին, որ մինչև խմբի աշխատանքի ավարտը չեն բացելու ճանապարհը:

Ցուցադրել ավելի
Back to top button