Հասարակություն

ԵԿՄ նախագահի պաշտոնի համար՝ դեռ երկու թեկնածու

Երկրապահ կամավորականների միությունը նոր նախագահ կունենա։ ԵԿՄ-ն ակտիվի նիստ է գումարել եւ այդ պաշտոնում առաջադրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին:

Նրա  թեկնածությունը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել մի խումբ ազատամարտիկների ու հրամատարների կողմից:

 

 

Մանվել Գրիգորյանի հետ կապված  ԱԱԾ-ի  հայտնի տեսանյութի հրապարակումից հետո  ԵԿՄ –ն   որոշեց  սեղմ ժամանակահատվածում  կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Հենց այդ օրվանից մինչ այսօր ԵԿՄ-ում կրքերը  դեռ չեն մարում:

Կառույցից դուրս եկած մի խումբ ազատամարտիկներ  պնդում էին, որ ԵԿՄ-ն  պետք է լուծարել, քանի որ այդ կառույցը վաղուց սպառել է իրեն՝ դառնալով  իշխանության կցորդ, մի մասն էլ պնդում էր,  որ պետք է նոր ընտրություններ տեղի  ունենան  ու ԵԿՄ-ի շարքերը մաքրվեն ու    կառույցում լինեն այն մարդիկ, ովքեր իսկապես կռված տղաներ են եղել:

Այսօր արդեն պարզ դարձավ,որ Երկրապահ կամավորականների միությունը նոր նախագահ կունենա։ Վարչության նախագահի պաշտոնում ներկայացվել է ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

Արամ Սարգսյան էլ իր պատրաստակամություն էր հայտնեց ստանձնել այդ պաշտոնը, ասելով, որ ինքն իրավունք չունի չհամաձայնելու, և  հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, ովքեր 90-ականներին փառքով տարան  պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը:

Նկատենք, որ մի խումբ ազատամարտիկներ ու ԵԿՄ-ից հեռացած հրամատարներ միանշանակ չեն ընդունել Արամ Սարգսյանի թեկնածությունը. նրանք այդ պաշտոնում տեսնում են ԵԿՄ հիմնադիր Արա  Խուդավերդյանի՝ նույն ինքը Կոռնիձորիր Արոյի թեկնածությունը:

Արա Խուդավերդյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց, որ  ԵԿՄ-ում  կան մարդիկ, ովքեր  բացարձակ կապ չունեն այդ կառույցի հետ: Իր նպատակն է մաքրել ԵԿՄ-ի շարքերը ու հետ բերել նախկին բարի համբավը:

Արա Խուդավերդյանից հարցնում  եմ արդյո՞ք ընդունելի է   իր համար Արամ Սարգսյանի թեկնածությունը՝ վերջինս նշում է, ոչինչ չունի Արամ Սարգսյանի անձի դեմ, բայց վերապահումներ ունի:

Արամ Սարգսյանը տեղյակ է իր անձի շուրջ ստեղծված տարաձայնություններից, բայց նշում է, որ պատրաստ է ստանձնելու ԵԿՄ-ի ղեկավարությունը:

Նշենք, որ ընդլայնված նիստում քննարկվել է նաեւ ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկել է համագումարը հրավիրել սեպտեմբերին:

Ցուցադրել ավելի
Back to top button