Հասարակություն

Ինչ են ակնկալում ԸՕ-ից ազգային փոքրամասնությունները


Ինչպիսի՞ լուծում կգտնվի նոր Ընտրական օրենսգրքում ազգային փոքրամասնությունների մասնակցության համար: Կա՞ լուծում, որից բոլորը գոհ լինեն: Այս հարցերի շուրջ քննարկումները նույնպես շարունակվում են եւ վերջնական մոտեցումները դեռեւս հստակեցված չեն:

Կան հարցեր, սակայն, որոնց վերաբերյալ, կարծես թե, ընդհանուր համաձայնության են եկել իրենք՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

Ազգային փոքրամասնությունները ցանկանում են, որ խորհրդարան մտնեն մարդիկ, ովքեր իրապես ընտրված կլինեն եւ լեգիտիմ ու կներկայացնեն իրենց համայնքների շահերը, ոչ թե այս կամ այն  կուսակցության:

«Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևի կարծիքով՝ առանց Ազգային փոքրամասնությունների մասին օրենքի ընդունման, իրենց համար հասկանալի չէ ԸՕ-ում ազգային փոքրամասնություններին վերաբերող դրույթի ընդգրկումը:

«Օրենքի առկայությունը շատ կարեւոր է, որովհետեւ ինձ համար հարց է ծագում՝ ես մտնելու եմ ընտրատարածք որպես ազգային փոքրամասնություն եւ կարող եմ ունենալ ներկայացուցիչ, թե՞ ոպես ՀՀ քաղաքացի: Մի խոսքով՝ այնքան խճճված է եւ դրա հիմնական պատճառը, իմ կարծիքով, դա օրենքի բացակայությունն է»:

Հայաստանում ազգային փոքրամասնություններն ինտեգրվելու խնդիր չունեն՝ նկատեց Խոսրոեւը: Իրինա Գասպարյանն էլ շեշտեց, որ ազգային փոքրամասնությունները միշտ էլ դեմ են եղել Հայաստանում ազգային փոքրամասնությունների մասին օրենք ունենալուն, քանի որ, դա սովորաբար, հարմարեցված է լինում օրվա իշխանություններին: Նոր ԸՕ-ը պետք է լուծի նաեւ այդ խնդիրը: Ազգային փոքրամասնությունների ներգրավումը ԸՕ-ի ձեւակերպումներում եւ դրանով իսկ ընտրություններում, առաջարկվում է երկու տարբերակով:

Առաջինը, որ ազգային փոքրամասնությունների տեղը ԱԺ-ում լինի քվոտավորված: Այս դեպքում քննարկվում է, թե պետք է արդյոք կոնկրետացվի՝ որ ազգային փոքրամասնությունների մասին է խոսքը: Երկրորդ տարբերակն էլ առաջարկում է, որ կուսակցություններն ունենան երկրորդ ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների համար: ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյան.

«Արդյունավետության ապահովումը, իմ կարծիքով, քվոտավորման խնդիրն է»:

Առաջարկվող այս երկու տարբերակներին էլ դեմ է Ասորական ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:

Առաջարկվում է ունենալ ազգային փոքրամասնությունների բաց ցուցակ, որ ժողովուրդն ունենա ընտրելու իրավունք, որպեսզի կուսակցությունն ինքը չորոշի, իսկ ընտրվածն էլ առաջնորդվի ոչ թե տվյալ կուսակցության, այլ՝ հենց ազգային փոքրամասնության շահերով: Այս հարցում մոտ են եզդիական եւ ասորական համայնքների ներկայացուցիչների տեսակետները: Կա, սակայն, մի տարբերություն. Ասորական համայնքն առաջարկում է, որ բոլոր ՀՀ քաղաքացիներն ընտրեն ազգային փոքրամասնությունների ցուցակից, մինչդեռ, եզդիական համայնքի ներկայացուցիչներն ասում են՝ թող ամեն համայնք իր ներկայացուցչին ընտրի:  

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ Սայիդ Ավդալյանի խոսքով՝ պիտի լինի բաց ցուցակ, որ հասկանալի լինի, թե որքան է հավաքել տվյալ համայնքի ներկայացուցիչը: Ասաց, որ իրենք ցանկանում են նաեւ մեկից ավելի պատգամավոր ունենալ, քանի որ եզդիական համայնքն ազգային փոքրամասնություններից ամենամեծն է Հայաստանում

Մտավախություն կա, որը հաստատվեց անցած ընտրություններում՝ ասաց Սայիդ Ավդալյանը: Նրա խոսքով՝ անցած ընտրություններում կուսակցություն անցկացրեց եզդի թեկնածուի, որը ներկայացնում է կուսակցության, ոչ թե եզդիական համայնքի շահերը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները նաեւ կարծում են, որ  իրենց թեկնածուները պետք է լինեն անկուսակցական, կամ՝ մեկ առանձին ցուցակի դեպքում էլ չպետք է երեւա, թե թեկնածուները որ կուսակցությունն են ներկայացնում:

Ցուցադրել ավելի
Back to top button