Տնտեսական

Ինչու են «Լիդիան Արմենիայից» հերքում բնապահպանական ռիսկերը


Սյունիք կատարած այցի շրջանակներում վաղը վարչապետը լինելու է Ջերմուկում: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տեղում ծանոթանալ Ամուլսարի խնդրին:

Իսկ մինչ այդ  հանքի շահագործման թեման  շարունակում է մտահոգել բնապահպաններին:

Ընկերությունը պնդում է, որ բնապահպանական ռիսկ չկա, իսկ բնապահպանները հակադարձում են, որ տեղացի և միջազգային  գիտնականների մասնագիտական դիտարկումներն անտեսվել են:

Ամուլսարի հանքի շահագործումը  հանքարդյունաբերության ոլորտում կլինի ամենավտանգավորը: Բնապահպան Կարինե Դանիելյանի դիտարկումն է:  Ի սկզբանե պետք  չէր այդ տարածքում  հանք շահագործել, քանի որ այդ շրջանում ապարներն առանձնահատուկ են. դրանց 90 տոկոսից ավելին թթվային է, ինչն էլ ենթադրում է սուլֆիդային վտանգ:

«Բավական է մի փոքր բացել, ջուր մոտենա այստեղ, ուզում է անձրև լինի, այլ ջրեր լինեն, այստեղ անմիջապես տեղի կունենա ջրային ռեսուրսների սուլֆիդային թթվայնացում: Իսկ այստեղից գալիս են  Կեչուտը, Որոտան, Արփայի միջոցով Սևանը և նաև Ջերմուկի  ջրերը»:  

Այս վտանգին բնապահպանն ավելացրեց նաև մետաղների վտանգը՝  կապար, ցինկ, արսենիկում, ցիանիդներ: Սակայն «Լիդիան Արմենիա» ընկերության  իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը հերքում է, որ կան բնապահպանական ռիսկեր:

«Եթե ընկերությունն իմանա, որ  բնապահպանական ռիսկ կա և այն կառավարելի չէ, օր առաջ կդադարեցնի աշխատանքը»:

Ընկերության ներկայացուցչի դիտարկմանը բնապահպան Կարինե Դանիելյանը հակադարձում է՝ չկա մի ընկերություն, որն ասի եկել է քանդելու ընդերքը, քայքայելու առողջությունը: Հիշեցրեց Թեղուտի խնդիրը՝ չկար մեկը, որ այդ  ծրագրին հավանություն տար, իսկ  ընկերությունը մերժում էր ռիսկերը: Արդյունքներն  այսօր տեսանելի են:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Սիլվա Ադամյանը մատնանշեց տարածքի հարուստ կենսաբազմազանությունը: Կարմիր գրքում ներառված  բույսեր,  առանձնահատուկ միջատներ, որոնք  հիշատակվում են  նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման  մեջ: Սակայն նախկին կառավարությունը  փոխել է  համապատասխան  օրենքը, ինչը  հնարավոր է դարևձրել   նման տարածքներում հանքարդյունաբերության իրականացումը:

«Սա շատ լուրջ նվեր էր  Լիդիան Արմենիային»:

«Լիդիան Արմենիա» ընկերության  փաստաթղթղերի հիման վրա միջազգային  փորձագետները  կատարել էին  փորձաքննություն  և բացասական եզրակացություն ներկայացրել: Հետազոտությունը  կատարվել էր  սահմանափակ տարածքում և կարճ ժամանակում՝ ասում է Կարինե Դանիելյանը:

«Միջազգային փորձագետների կարծիքների հիման վրա  պետք է կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում»:

Իսկ ընկերության ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը նշում  է, որ փորձագետները փոխել են իրենց  եզրակացությունը, քանի որ  նախագիծը կարդալիս որոշ հատվածներ ուշադիր չեն ուսումնասիրել: Արդյուքնում՝ բացասական եզրակացությունը դարձել է դրական:

Սիլվա Ադամյանն էլ հակադարձեց՜ փորձագետների կարծիքը անփոփոխ է՝ ռիսկերը կան և կլինեն:

«Սա ակնհայտ սուտ է: Ես ունեմ բոլոր ձայնագրությունները »:

Սիլվա Ադամյանը խնդիրը տեսնում է քաղաքական կոնտեքստում: «Լիդիան Արմենիա» ընկերության անունը կապված է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անվան  հետ: Մինչև նախագահի պաշտոնը ստանձնելը  Հայկական  բնապահպանական ճակատն ուսումնասիրել է, թե ովքեր են  սատարել  ընկերության մոտքը Հայաստան:

Կարիեն Դանիելյանը միաժամանակ նշում է, որ  ընկերությունը լուրջ  գումարներ է ներդրել  սոցիալական ու  բնապահպանական խնդիրների լուծման  մեջ, որը չի արել Հայաստանում հանք շահագործող որևէ ընկերություն:

«Լիդիան Արմենիա»-ը կարող է դիմել միջազգային դատարան, Հայաստանն այդ դեպքում լուրջ խնդիրների առջև  կկանգնի: Դրանց  լուծման ճանապարհը բնապահպանը չի տեսնում, սակայն համոզված է, որ  վտանգները տեսանելի են:

Back to top button